Այսօր կառավարության շենքի մոտ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, այսինքն՝ իրացման գոտու մի խումբ բնակիչներ բողոքի ցույց էին անում:
Aravot.am-ի հետ զրույցում Վալենտինա Հարությունյանն ասաց, որ իր բնակարանը եղել է Պուշկինի 2 հասցեում, 127 քմ, պայմանագիր են կնքել 100 քմ-ի համար, որ նույն հասցեում նրան բնակարան տրամադրեին՝ շենքը կառուցելուց հետո.«Բայց կարճ ժամանակ անց ասեցին՝ էլ շենք չի կառուցվելու: Չնայած կառուցեցին, վերավաճառեցին Միքայել Բաղդասարովին, մեզ էլ ոչինչ չտվեցին: Դատարաններն ընկանք, իրենց օգտին լուծեցին»:
Բողոքի ցույցի մասնակիցներն ասացին՝ Հյուսիսային պողոտայի 7 ընտանիքի հարցը 16 տարի է չի լուծվում. «Հավատացեք՝ մի մեշոկ նամակ ենք գրել, մեր հարցը չի լուծվում: Ում դիմում ենք՝ նախարար եւ այլն, ասում են՝ բյուջեն դատարկ է: Էնքան դատարկ է, որ 7 ընտանիքի համար փող չկա՞»:
Կարդացեք նաև
Լալայանց 5 հասցեից էլ, այսպես ասած՝ «վտարված» Ջեմմա Ասատրյանն էլ ասաց, որ 250 քմ բնակտարածք ուներ, 500 քմ էլ հողատարածք: Տիկին Ջեմման ասաց, որ ստացած փոխհատուցումը շատ քիչ է եղել եւ այն չի համապատասխանել իրենց բնակարանի շուկայական արժեքին:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ