Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր անում Գոհար Սարգսյանը, որի որդին՝ Տիգրան Օհանջանյանն, իր պնդմամբ՝ սպանվել է զինծառայության ընթացքում՝ խաղաղ պայմաններում՝ 2007 թվականին, Կարճաղբյուրի զորամասում:
Տիկին Գոհարը տարիներ շարունակ որդեկորույս մյուս մայրերի հետ պայքարում է, բողոքի ցույցեր է անում. պահանջում բացահայտել իրենց որդիների սպանությունը:
Տիկին Գոհարն այսօր էլ պնդում էր՝ որդու սպանության գործը իրավապահները կոծկում են. «Նախկին իշխանության քննչական մարմինները, որ հանցագործություն են արել, էսօր մեր վարչապետը պարգեւատրումներ տվեց, ինչի՞ համար: Զինվորների սպանությունը կոծկելո՞ւ համար: Ախր ինքն էլ զինվոր ունի: Աստված պահի: Բայց մեր զինվորներին սպանողները, գեներալները… մինչեւ հիմա չեն պատժվել»:
Որդեկորույս մայրերը դիմել են ԱԺ, սպասում են պատասխանի. Տիկին Գոհարն ասում է՝ շարունակելու են պայքարը.«Սպասում ենք, թե պարոն վարչապետը մեզ երբ է ընդունելու, մեկ ամիս առաջ դիմում ենք գրել: Ուզում ենք էս տեղեկությունը հայտնենք իրան, ասենք՝ դու իրավիճակին ծանոթ չես, քեզ սխալ տեղեկություններ են տալիս քննչական մարմինները»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ