«Անթույլատրելի է ցանկացած այնպիսի իրավիճակ, որի դեպքում ոստիկանության եւ, առհասարակ, իրավապահների նկատմամբ ուժ է կիրառվում, երբ իրավապահների օրինական պահանջներին չեն ենթարկվում»,-լրագրողների հետ զրույցում Իջեւանի միջադեպերի առնչությամբ այսօր նման կարծիք հայտնեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա փակ խորհրդակցություն է անցկացնելու մարզպետի եւ մարզի իրավապահների հետ:
«Իրավիճակն իրոք մտահոգիչ է: 2018թ.-ի մայիսից հետո, երեւի թե, առաջին դեպքն է: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի պաշտպանվեն քաղաքացիների շահերը, եւ ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ այցի նպատակը դա է: Կարծում եմ՝ այսօր հարցի լուծումը վերջնական կտրվի, եւ իջեւանցիները կվերադառնան բնականոն կյանքին»,-համոզմունք հայտնեց Արթուր Վանեցյանը:
Թե ինչ լուծումների մասին է խոսքը, նա նշեց, որ մինչեւ խորհրդակցությունը չավարտվի, եւ որոշումներ չկայացվեն, մանրամասներ չի կարող հայտնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ