Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիականի շրջանավարտը հավաստիացնում է, որ բանակից չի խուսափում

Հուլիս 18,2019 18:40

Հուլիսի 18-ին «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Նրանցից Վահե Թումանյանի խոսքերով, Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Նա դժգոհում էր, որ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը։

Aravot.am-ը Վահե Թումանյանից հետաքրքրվեց, եթե իր ասելով Հայաստանի Ֆրանսիական համալսարանը օրինական հիմքով չի տրամադրում դիպլոմները, քանի որ, իր խոսքերով, չունի պետական հավատարմագրում, այդ դեպքում, ինչպե՞ս է ինքը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակալավրիատի դիպլոմով մեկ անգամ արդեն օգտվել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից  եւ ընդունվել մագիստրատուրա: «Ուսանողները ունեն պայմանագիր եւ օրինական ձեւով են տիրապետում այդ դիպլոմներին»,-ասաց Վահեն: Կրկնեցինք` տարկետման իրավունքից իր` օգտված լինելու վերաբերյալ հարցը:

«Այդ հարցը համալսարանին տվեք»,-ասաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտը: Քիչ անց էլ հավելեց. «Իրականում այդ հարցը որոշակի նյուանս ունի: Օրենքով համալսարաններին տրված էին որոշակի քանակությամբ տեղեր, եւ համալսարանն ինքն էր որոշում`  ում տրամադրի: Քանի որ մեր համալսարանը երկու տիպի դիպլոմ է  տրամադրում, համալսարանից պետք է պարզել դրա իրավական հիմքը…Մինչեւ անցյալ տարվա փոփոխությունները չափանիշները բուհերին էին տրված»:

Հարցրինք` կա՞ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մեկ այլ ուսանող, որը բարձր միջին որակական միավորով օգտվել է տարկետման իրավունքից եւ ընդունվել մագիստրատուրա կամ ասպիրանտուրա:

«Այո ունենք, ինքը 19 միջին գնահատական է հավաքել…Մենք երբեք չենք ասել, որ դա անհնարին է, ասում ենք, որ շատ հազվադեպ դեպքերում է լինում, որոնցից մեկը տվյալ շրջանավարտն է: Բայց դա չի նշանակում մենք` ոչ բացառիկներս, գերազանց չենք»,- պատասխանեց Վահե Թումանյանը:

Հարցրինք` հնարավո՞ր է, որ, այնուամենայնիվ, իր խնդիրը զինվորական ծառայությունից խուսափելն է, եւ այդ պատճառով է պայքարում տարկետման իրավունքի համար, եւ եթե ասուլիսում ասում էր, որ իր ստացած գիտելիքը ոչ ոք չի կարող իրենից վերցնել,, ինչն է խանգարում բանակից հետո շարունակել կրթությունը:

«Ես պարզապես իմ իրավունքից եմ ուզում օգտվել, քանի որ գիտելիքն ունեմ, պարզապես ոչ իմ մեղքով օրենսդրական բացթողումների հետեւանքով չի տրամադրվում ինձ հասանելի ամփոփաթերթիկը, որի պատճառով չեմ կարողանում իմ իրավունքից օգտվել: Բայց եթե անգամ այնպիսի որոշում ընդունվի, որ ես զորակոչվեմ պարտադիր զինվորական ծառայության, պատշաճ ձեւով կկատարեմ իմ բոլոր պարտավորությունները, բայց մինչեւ վերջ պայքարելու եմ արդարության հասնելու համար»,-ասաց Վահե Թումանյանը:

Հավելենք, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել էր, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20 տարվա պատմության ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնք զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ պետական եւ մասնավոր ոլորտում, աշխատանքային շուկայում ունեն բարի համբավ։ Հայտարարության մեջ ասվում էր, որ իրենց մասնագիտական գիտելիքների շնորհիվ համալսարանի շրջանավարտների աշխատանքով ապահովվածության ցուցանիշը մոտ 80% է։
«Մեր շրջանավարտներ Վահե Թումանյանը, Սամվել Ղարիբյանը, Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման կարգով այս տարի դիմել են տարկետման իրավունք ստանալու համար, սակայն մերժվել են՝ հաշվի առնելով նշված  որոշման մեջ սահմանած պահանջները, որոնք ակնհայտ անարդար են ՀՖՀՀ շրջանավարտների նկատմամբ և անհավասար պայմաններ են ստեղծում վերջինների համար։

Նշված շրջանավարտների կողմից վերջերս սոցցանցերով տարածվում են հաղորդագրություններ, որոնք հարցականի տակ են դնում ՀՖՀՀ-ի դիպլոմների օրինականությունը՝ նշելով,որ այն շնորհվել է ապօրինի և թույլ չի տալիս ուսումը շարունակել արտասահմանում։ Այս առնչությամբ ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիան իր անհամաձայնությունն է հայտնում առանձին շրջանավարտների հայտարարությունների վերաբերյալ եւ հայտարարում, որ դրանք չեն արտահայտում ասոցիացիայի բոլոր անդամների դիրքորոշումը։ ՀՖՀՀ-ի կողմից իր շրջանավարտներին տրվում է պետական նմուշի, համապատասխան գրանցում և օրենսդրության պահանջներին բավարարող դիպլոմներ։ Այդ դիպլոմները Հայաստանում և արտերկրներում ընդունվում են մեր գործատուների՝ այդ թվում պետական մարմինների կողմից։ Բացի այդ, մեր շրջանավարտները առանց որևէ դժվարության շարունակում են իրենց ուսումը արտասահմանյան տարբեր առաջատար բուհերում և անդամակցում են միջազգային մասնագիտական պալատներին»,-նշված է հայտարարության մեջ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Վահե Թումանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031