Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է երեկ Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին և լսել պատասխանատուների զեկուցումները իրավիճակի վերաբերյալ:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակին և Շրջակա միջավայրի նախարարից հետաքրքրվել ընթացիկ զարգացումներից. «Քանի որ վերջին շրջանում նաև քննարկվում է Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը, պարոն Գրիգորյան, կարո՞ղ եք տեղեկատվություն տալ՝ ի վերջո, մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ի՞նչ է կատարվում, և ինչպիսի՞ն է այսօրվա վիճակը»:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է. «Պարոն վարչապետ, այսօր վիճակը բավական լավ է, և կարող եմ նշել, որ այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, 2018-2019 թթ. չի եղել, այսինքն՝ 6.5 սմ ավելի, երբ 2018-2019 թթ. միջինը 2 սմ է եղել, որակական մասով բավական լավն են ցուցանիշները: Կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որը երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների հանրագումար է, որոնց մեջ կան և՛ բնակլիմայական պատճառներ, և՛ կեղտաջրերի հոսք, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, և անասնապահություն, մի քանի գործոններ, որոնք, գումարվելով նաև բնակլիմայական և կլիմայական փոփոխություններին, շատ ավելի էականորեն մեծացնում են ճնշումը: Դրա պատճառով նաև ունենում ենք այս դեպքը: Նշեմ նաև, որ այս տարի համատարած մեր հորիզոնում գտնվող շատ ջրավազաններում, հարևան երկրներում և ամբողջ աշխարհում դա դիտարկվել է: Ամեն դեպքում այդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է, և այս պահին լավ է վիճակը»:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով՝ այսօրվա իրավիճակի պատճառներից է նաև այն հանգամանքը, որ այս տարի շատ բարձր է եղել բնական ճնշումը. մինչ օրս Սևանից միջինից 100 մլն խմ ավելի ջուր է գոլորշիացել, և 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ են գրանցվել, այսինքն՝ 2019 թվականին 140 մլն խմ ավելի քիչ ջուր է մտել, քան միջինում Սևան մտնող ջրի քանակն է: Բայց նույնիսկ այդ պայմաններում ջրի մակարդակը 2 սմ-ով ավելի բարձր է՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանից լրացուցիչ ջրառի. 2019թ. մոտ 10 մլն խմ ավելի ջուր է եկել, քան անցյալ տարի այս օրը, և Արարատյան դաշտի համար 36 մլն խմ ջուր ավելի քիչ է վերցվել, քան անցյալ տարի այս օրը, անգամ Ջրային կոմիտեից ներկայացված հայտից ավելի քիչ ջուր է վերցվել: Դա է պատճառը, որ 2018 թ. հուլիսի 1-18-ը 4 սմ-ով Սևանն իջել էր, այսինքն՝ 50 մլն խմ նվազել էր, մինչդեռ 2019 թ. նույն ժամանակահատվածում անգամ 1 սմ-ով չի իջել: Այս տարի մինչ օրս վերցվել է 50 մլն խմ ջուր, 2018 թ. վերցվել է 86 մլն խմ ջուր, ընդ որում՝ նախորդ տարի ամեն հաջորդ օրը այդ մարժան մեծանում էր, քանի որ անցյալ տարի այս օրերին նաև 2 մլն-ից ավելի ջուր էր վերցվում: Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ քանի որ հիմա նաև պոմպակայաններն են աշխատում, կա հսկողություն, ՋՕԸ-երի և ՀԷԿ-երի պայմանագրերի հետ կապված որոշ մեխանիզմներ են ներդրվել, այդ ծավալները զգալիորեն կնվազեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է ոռոգման ջրի մատակարարման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Նախարարը, մասնավորապես, անդրադառնալով Քաղցրաշեն համայնքի խնդրին, նշել է, որ հաճախ կան դեպքեր, երբ իրականում ջուրը համայնքում կա, ՋՕԸ-ն պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում պայմանագրեր ստորագրել, ասում են՝ չենք ցանկանում դրա դիմաց վճարել: Կառավարության ղեկավարը կարևորել է ոռոգման ջրից օգտվող գյուղացիական տնտեսություններին խնդրի վերաբերյալ իրազեկումը՝ նշելով. «Մենք պետք է մեր սիրելի հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք իրավիճակը: Խնդիրն այն է, որ ոչ թե մենք չենք ցանկանում իրենց անվճար ջուր տալ, այլ այն, որ եթե մենք 1, 2, 3 տարի ձրի ջուր տանք իրենց, կամ 1,2 տարի, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ չենք ուզում ջուրն անվճար տալ, և սա պետք է շատ հստակ արձանագրվի: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա՝ չարաշահումների և այլ պատճառներով: Պարոն Քյարամյան, մենք այդ բլոկում ստուգումներն, ըստ էության, ավարտեցինք, ամփոփեցինք և կարող ենք արձանագրել՝ հիմա վստահ ենք, որ բավական մեծածավալ չարաշահումներ են եղել այդ ոլորտում»: Ի պատասխան ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը զեկուցել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում Շենիկ ՋՕԸ-ում՝ Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենալու համար: Բայց կարելի է արձանագրել, որ բավական մեծածավալ՝ շուրջ 3.6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր, և նախաքննությունները շարունակվում են:
Վարչապետ Փաշինյանը նաև Առողջապահության նախարարի տեղակալից հետաքրքրվել է Սևանա լճում հանգստանալու, լողալու անվտանգության և լճից վերցված փորձանմուշների արդյունքների մասին: Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ հուլիսի 15-ին 11 տարբեր տարածքներից վերցրել են փորձանմուշներ, միայն 2-ում եղել են փոքր շեղումներ նորմայից, ինչը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման դինամիկան լավն է և մեր քաղաքացիներին կարելի է հորդորել լողալ լճում: Նա նշել է, որ փորձանմուշները պարբերաբար վերցվում են, ընթացիկ տեղեկատվությունը տրամադրվում է, և եթե շեղումներ չկան, առողջապահության նախարարությունը դրա մասին հայտարարություն չի անում, եթե որևէ շեղում լինի, ապա հայտարարություն կլինի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ 2 տեղերից մեկ անգամ ևս փորձանմուշներ վերցնել՝ առողջապահական տեսանկյունից Սևանում լողալու անվտանգության մեջ վերահամոզվելու և այդ տեղեկատվությունը քաղաքացիներին ներկայացնելու համար:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Սևանա լճի մաքրման ենթակառուցվածքների հզորացման կարևորությունից և նշել, որ Սևանի շուրջ մաքրման հզորությունների ուժեղացման հարցը՝ որպես առաջնահերթություն քննարկվել է Եվրամիության հետ համատեղ ծրագրերի վերաբերյալ առաջին բանակցությունների փաթեթի շրջանակում: Հարցի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է, որ Հայաստան-ԵՄ 2019 թ. երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված է Սևանի մաքրման կայանների հզորացման նպատակով հատկացնել 5 մլն եվրո, մնացած բոլոր ծրագրերում ևս այդ բաղադրիչը հաշվի կառնվի:
Պետբյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքում հավելյալ 105 մլն դրամ հատկացվել է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար
Կառավարությունը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» և 105.000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման նպատակով։
Էկոնոմիայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակին լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումն այն հնարավորություններից մեկն է, որ ստեղծվել է այս տարվա բյուջեի եկամուտների գերակատարման արդյունքում, և 105 մլն դրամ հավելյալ գումարով գրեթե կրկնապատկվում են այն միջոցները, որոնք 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված էին զբոսաշրջության զարգացման համար: Նախարարի խոսքով՝ 105 մլն դրամով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 2 ուղղությամբ. 15 մլն դրամը կհատկացվի 2 տիպային նախագծման աշխատանքներն իրականացնելու համար՝ կկառուցվեն միանման և ֆունկցիոնալ նվազագույն չափանիշներին բավարարող մարզային ճանապարհային կայաններ, ինչպես նար կստեղծվի հայտնի զբոսաշրջային ուղղություններին/կառույցներին կից տարածքներում անհրաժեշտ բոլոր հիմնական չափանիշներին համապատասխան միջավայր: Իսկ 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, մարքեթինգային միջոցառումների ծավալմանը: Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է 2019 թ. առաջին 6 ամսվա կտրվածքով զբոսաշրջային արդյունքները. «Մենք ունենք արդեն կատարված վերլուծության արդյունքով հաստատված 12.8 տոկոս զբոսաշրջային այցերի աճ: Ընդ որում՝ առանձնահատուկ է այն, որ Ռուսաստանի Դաշնությունից այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 19.7 տոկոսով, այսինքն՝ մոտ 20 տոկոսանոց աճ ունենք, և դա վկայում է այն աճող հետաքրքրության մասին, որ Հայաստանի զբոսաշրջային ուղղությունը ներկայացնում է ՌԴ զբոսաշրջիկի համար: Դա է պատճառը նաև, որ մենք թիրախավորել ենք հատկապես այս 3 ուղղությունները»: Տ. Խաչատրյանի խոսքով՝ Վրաստանում կատարվող մարքեթինգային ուղղությունը Վրաստանի գործընկերների հետ համատեղ պայմանավորվածության արդյունք է, որն աշխատանքային կարգով քննարկվել է նաև հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ՝ Վրաստանի զբոսաշրջության կառույցի ղեկավարի հետ: «Պայմանավորվել ենք, որ Հայաստանում պայմաններ կստեղծենք, որպեսզի Հայաստան առաջինը այցելող զբոսաշրջիկը՝ որպես երկրորդ ուղղություն, տեղեկանա Վրաստանում զբոսաշրջային հնարավորությունների մասին, և Վրաստան այցելած զբոսաշրջիկը որպես երկրորդ ուղղություն տեղեկացված լինի Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին: Սա նաև թվերով է ապացուցվում. մենք մեծ քանակով զբոսաշրջիկներ ունենք, որոնք Բագրատաշենով այցելում են հատկապես Հայաստանի հյուսիսային շրջաններ, բայց երբեմն նաև Երևան, և այդ համատեղված զբոսաշրջային այցի պրոդուկտն է, որ առավելապես ներկայանում է եվրոպական, որոշ դեպքերում նաև՝ ռուսաստանյան զբոսաշրջիկներին: Չինաստանի դեպքում որոշել ենք, ավելի ակտիվ մարքեթինգային արշավ իրականացնել, որովհետև արդեն ստորագրվել է առանց վիզայի մուտքի փաստաթուղթը, որը վավերացման ընթացակարգերն անցնելուց հետո էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի: Այստեղ էլ ուզում եմ շեշտել, որ գրեթե զրոյական վիճակից 2 տարվա ընթացքում մենք ունենք Չինաստանից այցելող արդեն մոտ 10000 զբոսաշրջիկ 2018 թ. ընթացքում, և այս տարվա ընթացքում նույնպես ունենք աճի որոշակի դինամիկա», – ասել է նախարարը:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներին նշել է. «2 օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում գրել էի, որ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել: Ես վերցրել եմ ՍԷԿՏ՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ամփոփ տվյալը, որովհետև օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաև գործարար այցելություն: Դա էլ վատ չէ, որ այդ աճի մեջ աճի նաև գործարար նպատակներով Հայաստան եկած օտարերկրացիների թիվը: Սա ասում եմ, որպեսզի հանկարծ թվերի անհամապատասխանության մեջ տարընթերցում, թյուրըմբռնում չլինի»:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը տեղակայվի Վանաձորում
Կառավարությունը որոշում է ընդունել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին: Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է նախորդ տարի Վանաձորում նոր բժշկական կենտրոնի բացման արդյունքում այլևս առողջապահական նպատակներով չօգտագործվող նախկին ծննդատան շենքը կից տարածքով հատկացնել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ նոր ստորաբաժանում ստեղծելու նպատակով: Նախատեսվում է Կադաստրի կոմիտեի՝ Հայաստանի տարբեր հատվածներում տեղակայված 5 ստորաբաժանումները, որտեղ պահպանվում են արխիվային գործերը, կենտրոնացնել մեկ վայրում՝ Վանաձորում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, արխիվների կազմակերպչական աշխատանքների միասնականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և երկարաժամկետ կտրվածքով պետական միջոցների տնտեսմանը: Ս. Պետրոսյանի խոսքով՝ գույքն ամրացնելուց հետո նախատեսվում է մոտ 900 մլն դրամ ներդրման արդյունքում ստեղծել ճարտարապետական ժամանակակից լուծումներով ստորաբաժանում, ընդ որում՝ որոշումն արդյունավետ ազդեցություն ունենալու նաև պետական գույքի օգտագործման տեսանկյունից. ներդրվելու է շուրջ 900 մլն դրամ, օգտագործումից ազատվելու է մոտ 2-2.5 մլրդ դրամին համարժեք պետական գույք, որն այսօր Երևանի կենտրոնում, այլ հատվածներում և նաև մարզերում զբաղեցնում են կադաստրային արխիվները: Պահպանվելու է նաև աշխատակիցների քանակը. այս պահին Վանաձորում կա 30 աշխատակից, 2021-2023 թթ. ընթացքում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 170-ի: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշել է, որ որոշումը հնարավորություն կտա ոչ միայն օպտիմալ օգտագործել պետական միջոցները, այլև սոցիալական՝ աշխատատեղերի ապահովման հարցը լուծել և բխում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից:
Գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և 11,350.6 հազ. դրամ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնելու վերաբերյալ: Որոշման նպատակը Փրկարար ծառայության շենքային պայմանների բարելավումն է: Արդյունքում կապահովվի ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատների շենքերի և շինությունների հիմնանորոգման, Մարտունու և Գավառի ՀՓՋ-ների շենքերի ջեռուցման և 12 x 6 մետր չափերով կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը:
Այլ որոշումներ
Կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել իր նախկին՝ 2005 թ. փետրվարի 17-ին ընդունված N 194-ն «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» որոշման մեջ և ամրագրել Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները: Որոշմամբ նախատեսվում է մեկական ավտոմեքենա հատկացնել տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները հանդիսանալու են հերթապահ ավտոմեքենաներ և կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ։
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր 2016 թ. մայիսի 12-ի «Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» որոշման մեջ՝ գործադիրը բարելավել է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ