Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. «Ոստիկանությունը նախկինում ուժ է կիրառել, դրա համար էլ հեղափոխություն եղավ»

Հուլիս 18,2019 17:27

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը անդրադառնալով Իջեւանում տեղի ունեցած ցույցին, ասաց՝ չի բացառում, որ այն հատուկ կազմակերպված էր, քանի որ բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եւ դա կարող էին կազմակերպվել ինչ-որ մի խումբ մարդիկ, որոնք շահագրգիռ են այդ հարցում:

Ցուցարարները փակել էին Իջեւան-Վրաստան միջպետական ճանապարհը, եւ պահանջում էին վերացնել հատուկ պահակակետերը, թույլատրել անտառահատումները: Երեկ բախում է տեղի է ունեցել, ոստիկաններ են վնասվել:

Մովսիսյանն ասաց, որ ոստիկանությանը հայտնի է, թե ովքեր են ապօրինի ծառահատումների բիզնեսի իրական ղեկավարները: Փոխոստիկանապետը անուններ չհրապարակեց, նա ասաց, որ իրավապահների աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են, իսկ Փաշինյանի նշած 36 անձինք երեկվա հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներն են, որոնց անունները պարզվել են, ցանկը կազմվել է ձայնագրություններով ու այլ տվյալներով ուսումնասիրությունների արդյունքում:

Մովսիսյանի խոսքերով՝ խոսքը սոցիալապես անապահով մարդկանց մասին չէ. «Խոսքը զուտ բիզնեսի, այսինքն՝ ապօրինի անտառահատման, եւ Արարատյան դաշտավայրում, կամ այլ տարածքներում, որտեղ չկան անտառներ, վաճառելու մասին է: Սոցիալական խնդիր այստեղ չկա, քանի որ այն քանակը փայտը, որը գյուղացիները և այդ համայնքների ազգաբնակչությունը օգտագործում է իր վառելիքի համար, դա բավարար է իրենց համար»:

Ոստիկանության պետի տեղակալն ասաց, որ տարածքում բեռնատար են կանգնեցրել ոստիկանական պահակակետերը: Վարդան Մովսիսյանը նշեց, որ մի քանի անշարժ պահակակետեր կան, եղել են դեպքեր, որ մեքենաները չեն ենթարկվել, նրանց մասին կասկածներ են առաջացել, որ կարող է փայտով բարձված լինեն, հիմա աշխատանքներ են կատարվում այդ մեքենաների օպերատիվ հայտնաբերման ուղղությամբ:

Հարցին՝ արդյոք բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց մեջ կան նաեւ, իր ասած՝ փայտանյութի ապօրինի բիզնեսի ղեկավարները, փոխոստիկանապետը բացասական պատասխան տվեց:

Aravot.am-ի հարցին՝ այսօր նիստին հնչեց, որ այս ապօրինի բիզնեսը երկար տարիներ է, ինչ գործում է, ինչո՞ւ այս տարիների ընթացքում ոստիկանությունը չի բացահայտել այդ համակարգված կոռուպցիոն մեխանիզմը, փոխոստիկանապետը պատասխանեց. «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք այն հանրապետությունն ենք, այն ազգաբնակչությունն ենք, որ շատ լավ տեղեկացված է բոլոր պրոցեսներից: Այնպես չէ, որ այդ աշխատանքները ապօրինի ծառահատման կանխման ուղղությամբ չեն իրականացվել ոստիկանության կողմից, դրանք եղել են ակտիվացման փուլում, այն, ինչ եղել է մինչեւ իրավիճակի փոփոխությունը, դա, իհարկե, առանձին քննարկման խնդիրներ են, դրանք եղել են, բացասական երեւույթները եւ կոռուպցիոն երեւույթները եղել են: Լոռու եւ Տավուշի տարածքներում մոտ 30 տարի, կարելի է ասել, եղել են»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Հարցին, արդյոք այս ցույցերը քաղաքական դրդապատճառով են հրահրված, փոխոստիկանապետը պատասխանեց՝ դա արվել է որպես բիզնես, եւ ինչպես նշեց վարչապետը, սեւագործ աշխատանքն իրականացնողները երեւի չեն հարստացել, իսկ մարդկանց այն խումբը, որոնք եղել են ստվերում եւ ղեկավարել են գործընթացը՝ հարստացել են:

Հարցին էլ՝ երբեւէ եղե՞լ են դեպքեր, որ պատժվեն այն ոստիկանները, որոնք տեսնելով ապօրինի հատված ծառերով մեքենաները, գործարքի են գնացել եւ ճանապարհ «բացել» նրանց համար, Մովսիսյանը պատասխանեց՝ բազմիցս եղել են նման դեպքեր, ԱԱԾ-ն իրականացնում է քննություն, որ կոնկրետ ոստիկանության մեկ աշխատակից մասնակից է եղել նման պրոցեսի ու գտնվում է քննության տակ:

Մանրամասն՝ տեսանյութում

«Այս պահին իրավիճակն այնտեղ կայուն է, և չեմ կասկածում, որ կհրավիրվեն մարդիկ քննության ընթացքում, եթե պարզվի այդ մարդկանց ինքնությունն ու մասնակցությունը ապօրինի ծառահատման գործում, անպայման կհրավիրվեն և կպատժվեն: Չի կարելի պետությանը դնել պայմաններ, որոնք անօրինական են»,- ասաց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ կետերն ուժեղացվել են, թեև իրավիճակը կայուն է, ոստիկանական զորքեր են տեղափոխել այդ տարածք որպես կանխարգելիչ գործողություն, քանի որ կարող է անկանխատեսելի, անցանկալի պահեր լինեն:

Դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, թե ոստիկանությունը թուլություն է ցուցաբերում, քանի որ ոստիկանների նկատմամբ ցուցարարները անթույլատրելի գործողություններ են կատարել, Մովսիսյանը պատասխանեց. «Ոստիկանությունն, իհարկե, աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ եւ ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով: Ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք ունի, դա ամրագրված է օրենքով: Կարող է տպավորություն ստեղծվել, որ դա ոստիկանության թուլությունն է, որի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ: Մենք ունենք այսօր նմանատիպ երեւույթներ, որ ճանապարհներ են փակվում, որոշ անգամ կարող է թվալ, որ մարդկանց պահանջներն արդարացի են, որոշ անգամ՝ ոչ, բայց ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում զուտ օրենքի կետից ելնելով»:

Դիտարկմանը՝ նախկինում ոստիկանությունը նման դեպքերում ուժ էր կիրառում, փոխոստիկանապետը պատասխանեց. «Նախկինում ուժ էր կիրառվում, դրա համար էլ հեղափոխություն եղավ: Մենք խոսում ենք թավշյա հեղափոխությունից հետո, այն ինչ իրականացնում է ոստիկանությունը»:

Մեր հարցին՝ այսինքն ոստիկանությունը թավշյա՞ է դարձել, Մովսիսյանը հարցով պատասխանեց. «Չեմ կարծում: Դուք գտնում եք թավշյա՞ է ոստիկանությունը դարձել»:

Aravot.am-ն օրինակ բերեց՝ էլեկտրիկ Երեւանի ժամանակ ցուցարարների պահանջն իրավաչափ էր, ցույցերը՝ խաղաղ, մինչդեռ ոստիկանությունը ուժ կիրառեց, իսկ Իջեւանում,ըստ վարչապետի, պահանջն իրավաչափ չէ, եւ բացի այս, մի բան էլ ոստիկաններն են տուժել, Մովսիսյանը վստահեցրեց՝ ոստիկանությունը շատ վճռական է, օրենքով սահմանված կարգով ուժ կկիրառի, եթե անհրաժեշտություն լինի:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Մովսիսյանը նաեւ նշեց՝ բողոքի ցույցի մասնակիցների եւ նրանց հարազատների այն պնդումները, թե «կարմիր բերետավորները կոտրել են երեխայի գլուխը, գիշերով եկել, տարել են», իրականությանը չեն համապատասխանում: Նա նաեւ ավելացրեց՝ բնակիչներին,ըստ մարզպետի, առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ. «Այսինքն՝ աշխատատեղեր կան, բայց ցանկություն հայտնողներ չկան: Երեւի թե ապօրինի անտառահատումն ավելի հեշտ եւ արագ օգուտ է բերում, կամ օրինական, ամսական փող աշխատելը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031