Այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննարկվեց խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: Նախաձեռնողները ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանն էին:
Նրանք միջնորդություն ներկայացրեցին որպես վկա հրավիրել եւ հարցաքննել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, որը Դատավորների ընդհանուր ժողովի նախագահն է: Հենց ժողովի կողմից էլ Տավարացյանը համարվել է ընտրված ու պաշտոնը ստանձնած՝ որպես ԲԴԽ անդամ: Բեքմեզյանի խոսքով՝ Խունդկարյանը կարող է պարզաբանումներ տալ ինչպես այդ, այնպես էլ այն հարցով, թե երկու անգամ, երբ ԲԴԽ-ից գրություն է ստացվել ԲԴԽ կազմը համալրելու մասին, ինչո՞ւ դրանց չի պատասխանել:
Այս միջնորդությունը մերժվեց: Մի քանի այլ փորձեր արվեցին Խունդկարյանին որպես վկա հրավիրելու, սակայն բոլոր միջնորդությունները, ինչ հիմնավորումներ էլ որ ներկայացվեց, մերժվեցին:
Կարդացեք նաև
Նախշուն Տավարացյանն իր խոսքում հայտարարեց, որ ինքը չի երդվել, քանի որ այդ մթնոլորտում չէր ուզում երդվել, եթե հուլիսի 11-ին, երբ իր երդման արարողությունն է եղել, մյուս թեկնածուները՝ Ստեփան Միքայելյանն ու Սուրեն Անտոնյանը ընդդիմանային, էլի չէր երդվի, քանի որ իր համար ԲԴԽ անդամ լինելը կյանքի հարց չէ:
Ուստի Հայկ Հովհաննիսյանը, Բեքմեզյանը միջնորդեցին, որ նրանց հրավիրեն՝ որպես վկա: Տավարացյանը դեմ չէր, անգամ կողմ քվեարկեց, հակառակ դեպքում այդ միջնորդությունը նույնպես կմերժվեր, ձայները կիսվում էին: Հաջորդ նիստին Անտոնյանն ու Միքայելյանը պետք է ներկայանան: Նրանց լսելուց հետո նոր որոշում կկայացվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ