ԲՍՓ-ները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում որոշում էին մարդու հաշմանդամության կարգը, այլեւս չեն լինի:
Թվարկելով սպասվող փոփոխություններն այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանը:
Տիկին Հակոբյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացրեց համակարգի բարեփոխումները՝ նշելով, որ մշակվում է նոր մոդել, որի հիմքում դրված է սոցիալական գնահատականը: Այսինքն՝ հաշմանդամության գնահատման հիմքում ընկած է լինելու ոչ միայն անձի առողջության խաթարումը, այլեւ անձի կարողությունն ու կատարողականության գնահատումը:
Ըստ տիկին Հակոբյանի, կկատարվի անձի բազմակողմանի գնահատում եւ դրա արդյունքում կմշակվի ծառայությունների անհատական ծրագիր:
Կարդացեք նաև
Օրինակ՝ ներկայումս հաշմանդամություն ունեցող անձը ունի էլեկտրատրանսպորտից օգտվելու արտոնություն, բայց հեռավոր մարզում ապրող մարդու համար,նախարարության մասնագետի խոսքով, այդ արտոնությունն առոչինչ է: Այսինքն՝ սրա փոխարեն հեռավոր մարզի բնակչին այլ աջակցություն կտրամադրվի:
Աննա Հակոբյանի խոսքով. «Ներկայումս գործող բժշկասոցիալական հանձնաժողովների փոխարեն կձեւավորվի մասնագետների ռեեստր, որտեղ բացի բժիշկներից՝ հաշվառված կլինեն նաեւ այլ մասնագետներ էրգոթերապիստներ, վերականգնողաբաններ, ֆիզիոթերապիստներ եւ այդ բազմամասնագիտական թիմը կարող է լիարժեք գնահատել անձի կարիքը եւ որոշել այն ծառայությունները, որոնք պետք են նրան»:
Նախարարության պատասխանատուն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձի համար հեշտացվելու է նաեւ դիմելիությունը. «Գործելու է մեկ պատուհանի սկզբունքը: Այդ կենտրոնները տեղակայված են լինելու համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների շենքում: Մեկ պատուհանի սկզբունքով անձը դիմում է եւ, այլեւս այլ տեղեր գնալու անհրաժեշտություն չկա»:
Նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին՝ ասաց, որ բարեփոխումներից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցները՝ քայլակ, սայլակ, պրոթեզներ եւ այլ պարագաներ, տրվելու են բացառապես հավաստագրերով: Բացի այդ, գնումների գործընթացին մասնակցում են ոչ թե մեկ, ինչպես նախկինում էր, այլ՝ 4-5 կազմակերպություն, ինչի արդյունքում բարելավել է այդ պարագաների որակը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ