«Ի՞նչ պետք է անի Նախշուն Տավարացյանը, եթե ընդհանուր ժողովի կողմից գենդերային քաղաքականությամբ համարվում է ընտրված, իսկ ԲԴԽ-ի կողմից, որպես ԲԴԽ ընտրված անդամ համարվում է մերժված: Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ անգործություն է թույլ տրվել, չի ներկայացել նիստերին: Ուրեմն ձեզ հիշեցնեմ՝ եթե ես ԲԴԽ անդամ եմ համարվել, ուրեմն այնտեղ որոշ արտոնություններ կան, որ պետք է կիրառվեր իմ նկատմամբ: Քիչ գործեր պետք է մակագրվեին»,- այսօր ԲԴԽ նիստում ասաց Նախշուն Տավարացյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ Ինչպես տեղեկացրել ենք, Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց հիմնավորումները, հետո լսեցին Տավարացյանին:
Նրա խոսքով՝ «Ես Դեպարտամենտից նիստերի վերաբերյալ ծանուցում մինչ օրս ստացել եմ երկուսը, մեկը՝ հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ, մյուսը՝ այսօրվա: Հիմա դուք ասեք, պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ն է անգործության մատնված եղե՞լ, չե՞ք կարողացել իմ դիմումին պատասխանել, թե՞ ես եմ անգործություն թույլ տվել: Եթե դուք պաշտոնի ստանձնման օրվա եւ ընտրված լինելու երույթների մեջ կազուսային իրավիճակ եք տեսնում, ես ձեզ կհորդորեմ, որպես գիտնական իրավաբանների, ոչ թե բարոյական կողմը վերցնեք ձեր հրավերի եւ ելույթների մեջ՝ ինչպե՞ս կարող էր Նախշուն Տավարացյանը 9 ամիս հետո երդվեր եւ գար, բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, հետաքրքիր է:
Նախ, տեղն ազատ է, դա Վճռաբեկ դատարանի տեղն է:
Կարդացեք նաև
Երկրորդը՝ եթե ժողով չի եղել, Նախշուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր, պատերի տա՞կ երդվեի: Ձեր ասածն այդ է: Դու, որպես գիտնական իրավաբան, ավելի մեծ անելիք ունեիք, երբ տեսաք կազուսային իրավիճակ այս հարցի կապակցությամբ Դատական օրենսգրքում, ձեռնամուխ եղեք այդ կազուսային իրավիճակը շտկեք, այլ ոչ թե Նախշուն Տավարացյանին հանրահայտ քննարկման առարկա եք դարձրել: Դուք մի մոռացեք, որ ես երեկ չէ, առաջին օրը չեմ դատավոր դարձել: Հազարավոր մարդիկ ինձ գովեստի խոսքեր են հայտնել, հազարավոր մարդիկ շնորհակալություն են ինձ հայտնել գրավոր: Ես էլ ունեմ շրջապատ, ես էլ ունեմ ընկերներ, ամեն մեկը տարբեր ձեւով է ընկալում: Ձեր ամեն մի հայտարարությունից հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում արդեն: Այ դա մտածեք, սա դատավորի արժանապատվության հարց է: Սա դատավորի բարի համբավն արատավորող հարց է: Հիմա ո՞նց եք ես ձեր դեմ դատական հայց ներկայացնեմ՝ իմ բարի համբավն արատավորելու համար անօրինական հիմքերով: Ձեր ելույթի մեջ իրավական ի՞նչ կողմ կար, ամբողջը բարոյականին էր նվիրված՝ 9 ամիս հետո խի՞ երդվեր: Ինչի՞, խոստում տված մարդ կա՞ր, որ պետք է իմ տեղն ընտրվեր: Պարզապես էդ խոստումը մինչեւ վերջ չկատարվեց, թե՞ ինչ-որ տեղից ուղղորդվում եք: Հուլիսի 11-ին 4-5 դատավոր աղմուկ բարձրացրեցին՝ խախտելով էթիկայի կանոնները, մեկը՝ Սիմիզար Հովսեփյանը»:
Տավարացյանն ասաց, որ երբեք իր անունը շահարկման առարկա չի եղել. «Իրավաբանները թող մտածեն կազուսը վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե ասեն՝ ազգանունը՝ Տավարացյան, անունը՝ Նախշուն, հետո՞, այսինքն, փողոցային մակարդակի են հասնում արդեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ