Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ Ինչպես տեղեկացրել ենք, Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց հիմնավորումները, հետո լսեցին Տավարացյանին:
Հիշեցենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին եւ 2019-ի ընթացքում մասնակցել է միայն հուլիսի 15-ի նիստին, չի մասնակցել 2019-ի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստերի: Հիմա, ըստ էության, պահանջում են լիազորությունների դադարեցում՝ պատճառաբանությամբ, որ երկու անգամ անհարգելի պատճառով չի ներկայացել ԲԴԽ նիստերին։
Տավարացյանը նշեց. «Արդյոք ես համարվո՞ւմ եմ պաշտոնը ստանձնած 2018-ի նոյեմբերի 8-ից, քանի որ ԲԴԽ օրինական անդամ հանդիսանալու օրենքով սահմանված գործընթացի վերջին փուլը երդմամբ պաշտոնը ստանձնելը չի կատարվել»: Նա ասաց, որ համարում է, որ ինքը ԲԴԽ անդամ է դարձել այս տարվա հուլիսի 11-ին: Տավարացյանի խոսքով՝ «Ինչ վերաբերում է իմ կողմից օրենքով սահմանված գործընթացի վերջին փուլի ձախողմանը, ապա կարծում եմ, որ տեղի ունեցածին պետք է գնահատական տրվի դատավորի վարքագծի կանոնների շրջանակներում, այլ ոչ թե ԲԴԽ անդամի գործառույթների շրջանակներում»:
Խոսելով Գրիգոր Բեքմեզյանի հիմնավորումների մասին, որ որպես ԲԴԽ անդամ, երկու եւ ավելի նիստերի չի մասնակցել, հետեւաբար պետք է լիազորությունները դադարեցվեն, Տավարացյանն ասաց, որ Բեքմեզյանը շրջանցում է Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի պահանջը, փորձում է ամբողջ մեղքը, անգործությունը բարդել իր վրա՝ «Բա տիկին Տավարացյան, բա դու ԲԴԽ անդամ ես դարձել, էդ մի օր չբարեհաճեցի՞ք գալ նիստի, ասել՝ ձեր խորհրդի անդամն եմ, էս ինչի՞ եք ինձ մոռացել: Փաստորեն, այսպես է ստացվում Գրիգոր Բեքմեզյանի հայտարարությունից»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն, Դատական դեպարտամենտը ԲԴԽ նիստի օրակարգի ժամանակի եւ վայրի մասին, ԲԴԽ աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետում ծանուցում է ԲԴԽ անդամին: Իրեն մեղադրում են նիստերին բացակայելու համար, բայց 2018 թվականի նոյեմբերից առ այսօր ինքը Դեպարտամենտից ընդամենը մեկ ծանուցում է ստացել, դա հուլիսի 15-ին կայացած խորհրդի նիստի վերաբերյալ է եղել, այլ նիստերին որեւէ մեկն իրեն չի հրավիրել։
Այլ մանրամասները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ