Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի և ԱՄՆ-ի տնտեսական և հոգեբանական առճակատման հաղթող ու պատվող կողմերը

Հուլիս 18,2019 15:36

ԱՄՆ-ի հետ աճող լարվածության և տնտեսական պատերազմի շրջանակներում Իրանն սկսել է ուրանի հարստացման գործընթացը ՀԳՀԾ-ի պայմանագրով սահմանված 3,67 տոկոսից բարձր մակարդակով: Այս մասին հուլիսի 8-ին ասել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քեմալվանդին:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Իրանը չի խախտել որևէ համաձայնություն կամ լրացուցիչ արձանագրություն:

Հուլիսի 12-ին Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել է. «ԱՄՆ-ն այն պայմաններում է պնդում, որ Իրանը չի հարգում ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, երբ ինքը միակողմանիորեն դուրս է եկել միջուկային համաձայնությունից՝ խախտելով ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային համաձայնությունը»:

Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար՝ Աբբաս Էրաղչին հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր ժամանակ էր տվել՝ համաձայնագրի վերաբերյալ Իրանի տնտեսական պահանջների շուրջ որոշում կայացնելու համար: «Եթե այս հնարավորությունները չօգտագործվեն, որևէ մեկը չի կարող կասկածել Թեհրանի վճռականության մեջ, որ մեր միջուկային գործարքի պարտավորությունների կրճատումը կշարունակվի 60 օրվա ընթացքում։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի սահմանված տնտեսական պատժամիջոցները կխթանի Իրանի դիրքորոշումների կոշտացմանը և Թեհրանի կողմից համարժեք պատասխանին՝ դիվանագիտական և երբեմն էլ պրոքսի պատերազմի դաշտում: Պարսից ծոցի վերջին անկայունությունը եւ ամերիկյան ԱԹՍ-ի խոցելը Պարսից ծոցի տարածաշրջանում, ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների պատասխանն էր Իրանի կողմից, որում մեծ դերակատարություն է ունեցել Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը:

Կասկած չկա, որ Իրանի հոգևոր իշխանությունը խորապես մտահոգված է տնտեսական ճնշումները շարունակվելու վտանգից, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների երկարատեւ հետեւանքները մեծապես թուլացնում են Իրանի տնտեսությանը և դա կարող է լուրջ լարվածությունների հանգել հասարակական ոլորտում:

Մյուս կողմից, Իրանը նվազեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների մակարդակը եւ զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե չչեղարկվեն տնտեսական և մասնավորապես նավթային պատժամիջոցները, Թեհրանը ստիպված կլինի ձեռնարկել ավելի խիստ միջոցներ՝ ռազմական և քաղաքական ոլորտներում, Արեւմուտքի շրջափակումներից դուրս գալու համար: Անկասկած այդ խիստ միջոցները ներգրավում են՝ հիբրիդ և պրոքսի պատերազմի դաշտում Իրանի իսլամական համակարգի ծայրահեղական թևի կտրուկ և կոպիտ հակահարվածային միջոցների կիրառումը, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Իրանի շիա զինված խմբավորումների կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի դեմ ուղղված հարվածները, կամ կիբեր հարձակումների ավելացումը ԱՄՆ-ի և Արևմուտքի ֆինանսական և տեղեկատվական կենտրոնների դեմ։

Միջուկային գործունեության ոլորտում Իրանը հարստացնում է ուրանը, միջուկային համաձայնագրով սահմանված մակարդակից ավելի քան 300 կիլոգրամի շեմն անցնելով եւ Արևմուտքին զգուշացնում է, որ կփորձի վերագործարկել Արաքի ծանր ջրի արտադրման օբյեկտը: Հրթիռային ծրագրերի հետապնդման ոլորտում Իրանը հայտարարել է, որ դա իսլամական համակարգի կարմիր գիծն է և դրա շուրջ բանակցությունները բացառված են, քանի որ Իրանի հրթիռային կարողությունը միակ կանխարգելիչ ուժն է ԱՄՆ-ի և Իսրայելի հավանական ռազմական հարվածներին պատասխանելու համար։

Իրանը եւ Արեւմուտքը, միջուկային ճգնաժամի լուծման հասնելու համար կանգնած են երկար եւ կործանարար ճանապարհի վրա, ինչը շատ է դժվարացնում կանխատեսել դրա վայրիվերումներով լեցուն անհուսալի հեռանկարը:

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառած քաղաքական ճնշումներին եւ պատժամիջոցներին, Իրանի կառավարությունը փորձում է որքան հնարավոր է կիրառել հակադարձման գործարքի քաղաքականությունը, եւ կոշտ դիրքորոշումով ու ռազմական սպառնալիքների լեզվով փորձում է ճնշել հակառակ կողմին:

Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը մերժել է պատժամիջոցների կիրառման պայմաններում Միացյալ Նահանգների հետ Իրանի հավանական բանակցությունները: Սա Իրանի հիբրիդ պատերազմի մեթոդն է, այնպես որ երբ ցանկանում են ԱՄՆ-ի հետ, որևէ հարցի շուրջ, ասենք այս դեպքում, օրինակ՝ Իրանի արտգործնախարարի ԱՄՆ այցելելու համար արտոնություն ստանալ Վաշինգտոնի պաշտոնյաներից, դիմում են նման քայլերի և իրենց ուղերձը գլխիվայր ձևով ներկայացնելով փորձում են՝ միջազգային ատյանների միջոցով այն հասցնել հասցեատիրոջը։

Հուլիսի 12-ին, գերմանական Die Zeit երկշաբաթաթերթի հետ զրույցում Քազեմ Ղարիբ Աբադին ընդգծել էր, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց Միացյալ Նահանգները գիտի, թե Իրանը որքան հզոր է , եւ ինչ միջոցներ ունի դիմակայելու համար: Քազեմաբադին այսպիսով՝ թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Եվրոպային հասկացնում է, որ Իրանը միեւնույն ժամանակ պատրաստ է և՛ բանակցության և՛ պատերազմի համար։ Արդեն ընտրությունը մնում է դիմացի կողմին։

Նա հավելել է. «ԱՄՆ-ի շանտաժի և պատժամիջոցների պատճառով շատ է դժվարացել առեւտուրը Իրանի հետ, և նման իրավիճակի շարունակությունը երբեք ընդունելի չէ Իրանի համար»:

Այս համատեքստում՝ հուլիսի 12-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի արևմտյան և հյուսիս արևմտյան տարածքներում ահաբեկչական խմբերի կողմից Ատրպատական և Քուրդստան նահանգներում Իրանի անվտանգության դեմ ուղղված քայլերից հետո, չորեքշաբթի օրը ԻՀՊԿ-ը հարվածել է Իրաքի Քրդստանի տարածաշրջանում Քրդստանի դեմոկրատական կուսակցության բազաները: Սա կատարվեց այն պայմաններում, երբ դրանից մի քանի օր առաջ արեւմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իրանի իշխանությունների որոշ շրջանակների պաշտոնյաներ Իրաքի Քրդստանի ինքնիշխան տարածքում գաղտնի բանակցություններ են ունեցել Իրաքի Քրդստանում տեղակայված Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ։ Բանակցութան նպատակները մինչ այժմ հրապարակավ չեն բացահայտվել, բայց թվում է, որ Իրանը փորձում է քրդական ընդդիմադիր զինյալ ուժերին սպառնալ կամ համոզել չմիանալ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի սահմանային շրջանները ապակայունացնելու գործընթացներին։ Այնուամենայնիվ, Իրանի հետագա քայլերը վկայում են՝ քրդերի հետ բանակցությունները լիովին ձախողել են, որին հաջորդեց Իրաքի Քրդստանում տեղակայված զինյալ ուժերի ռազմաբազաների հրթիռակոծումը։

Պահապանների կորպուսի կողմից ընդդիմադիր քրդերի դիրքերը հարվածելուց հետո, Իրանի իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հուլիսի 14-ին ասել է․ «Ագրեսորների հարձակումը սկսվելուց հետո Իրանի գրոհելու և հարվածելու ուժն ավերիչ է լինելու, և ագրեսորներին ստիպելու է զղջալ իրենց արածի համար»: Անկասկած, Գեներալ Սեյեդ Աբդոլռահիմն ակնարկում է՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի սահմանամերձ տարածքներում հովանավորվող Իսլամական համակարգի ընդդիմադիր զինված խմբերին հարվածելու Իրանի վճռական կամքի դրսևորմանը։

Մյուս կողմից, ԱՄՆ անվտանգության աշխատակիցների հաղորդման համաձայն, Իրանի ռազմական ստվերային իշխանությունը փորձում է ամրապնդել իր ռազմական հնարավորությունները Պարսից ծոցում:

Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերին եւ նրա դաշնակիցներին թիրախելու նպատակով, աշխատում են բոլոր մարտական միջոցները, ինչպիսիք են՝ բալիստիկ հրթիռները, ռազմական ինքնաթիռները, ԱԹՍ-ը, առաջադեմ ռազմանավերը և սուզանավերը եւ հականավային հրթիռները տեղակայել Պարսից ծոցի տարածաշրջանում: Այսպես, Իրանը փորձում է պաշտպանական հզոր գոտի ստեղծել երկրի սահմաններում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների ու Իրանի իսլամական համակարգի ընդդիմադիր զինված խմբերի ռազմական հավանական գործողությունները դիմակայելու համար։

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժը, Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցում, ցուցադրում են իրենց զորությունն ու ռազմական կարողությունը եւ սպառնացող քայլեր են իրականացնում ԱՄՆ-ի և վերջերս էլ Բրիտանիայի ռազմական նավատորմի դեմ:

Սակայն, ԱՄՆ-Իրան հարաբերությունների աճող լարվածության ֆոնին թվում է թե՛ Թեհրանում, թե՛ Վաշինգտոնում ծայրահեղական բազեների և չափավոր աղավնիների կողմից տարբեր ձայներ են հնչում իրավիճակը վերականգնելու ուղղությամբ։ Իսլամական հանրապետությունը կարծում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում մինչև ԱՄՆ-ի նախագահական նոր ընտրությունները հնարավոր չի լինի գաղտնի բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի վարչակարգի հետ, քանի որ ԱՄՆ-ի նախագահն ցանկանում է լրագրողների և հեռուստատեսության տեսախցիկների առջև իր հաջողություններն ի ցույց դնել աշխարհին: Սա լիովին հակասում է Իրանի իսլամական համակարգի հոգևոր իշխանության ավանդական քաղաքականությանը, որոնք միշտ էլ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ համաձայնության են հասել կուլիսներում։ Սակայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը դիմելով վտանգավոր խաղի փորձում են երկրի գերագույն առաջնորդի և պահապաններ կորպուսի ծայրահեղական գեներալների ցանկության հակառակ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ գաղտնի բանակցության դուռը բաց թողնել, որպեսզի կարողանան փրկել ՀԳՀԾ-ն և վերականգնել Իրանի անմխիթար տնտեսական վիճակը, իսկ մյուս կողմից ցանկացած ձևով փրկել համակարգը։ Իհարկե՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ևս փորձում է երկդիմի քաղաքականություն վարելով ներքին ճակատում գոհացնել պահապանների կորպուսի ռազմատենչ գեներալներին և նրանց ձեռքն ազատ է թողել Պարսից ծոցի և Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, շարունակել իրենց սահմանափակ ռազմական գործողությունները ԱՄՆ-ի և նրա արաբա-իսրայելական դաշնակիցների դեմ։ Սակայն, երբ Իրանի դեմ ուղղված քաղաքական և տնտեսական սպառնալիքները բարձրացվում են միջազգային հարթակում, Իրանի գերագույն առաջնորդը տեղիք է տալիս դիվանագիտական պահանջներին և փորձում է անվտանգության կազմակերպության և ԱԳՆ միջոցով հարցերը կարգավորել Արեւմուտքի հետ։

Հուլիսի 10-ին, ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի նիստում, ԱՄՆ-ի ներկայացուցչական պատվիրակությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է առանց նախապայմանի բանակցել Թեհրանի հետ:

Ամերիկացի այս պաշտոնյայի հայտարարությանը անմիջապես արձագանքելով՝ Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ-ը ոչ մի մակարդակում չի բանակցում ամերիկացի պաշտոնատարների հետ»:

Հուլիսի 14-ին, պատասխանելով լրագրողների հարցմանը, Սեյեդ Աբբաս Մուսավին հերքել է արտգործնախարարների մակարդակում Իրանի հետ բանակցելու մասին ռուսներին ներկայացված ԱՄՆ-ի պատգամի մասին հայտարարությունը:

Անցած օրերի ընթացքում, արևմտյան սոցցանցերը լուրեր էին տարածել՝ Ռուսաստանի միջնորդությամբ Իրան-ԱՄՆ հավանական բանակցության մասին:

Սակայն, Իրանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունից մեկ օր անց, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջանակներում իր խոստումներին և դրանք չեն փոխվել, իսկ եթե Ամերիկան դադարեցնի պատժամիջոցները, մենք պատրաստ ենք բանակցել հենց այս պահին»: Որոշ ժամանակ առաջ Իրանի անվտանգության նախարար՝ Մահմուդ Ալավին ևս հայտարարել էր, որ Իրանի գերագույն առաջնորդի համաձայնության դեպքում Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ։ Այս լուրը հետո հերքվեց Իրանի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ԻՌՆԱ-ի կողմից։

Չնայած որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ շուտով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ևս կներգրավվի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում, սակայն երևում է, որ ԱՄՆ-ը ակնհայտ շրջադարձ կատարելով՝ Վաշինգտոնը մուտքի վիզա է տվել Զարիֆին, հուլիսի 15-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի բարձրաստիճան ղեկավարների նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու համար։ Չպետք է մոռանալ, որ ամեն անգամ Նյու Յորք մեկնելիս Մոհամեդ Ջավադ Զարիֆը առիթն օգտագործել է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ գաղտնի հանդիպումներ ունենալ և ԱՄՆ-ի ուղեղային կենտրոններում ԻԻՀ ձայնը հասանելի դարձնել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ձեւակերպող շրջանակներին։ Չնայած որ այս անգամ որոշակի սահմանափակումներ են կիրառվել Իրանի դիվանագիտական պատվիրակության համար, սակայն Իրանի արտգործնախարարը մի քանի ելույթով է հանդես գալու ՄԱԿ-ի պաշտոնական նիստերի ընթացքում և հարցազրույցներ է ունենալու ներքին և միջազգային որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

ԻԻՀ ԱԳ նախարարը Նյու Յորք ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Եվրոպան պետք է լուրջ կամք դրսևորի ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Նախքան Նյու Յորք մեկնելը Զարիֆի այս ուղերձը վկայում է, որ Իրանը պատրաստ է Եվրոպայի իր գործընկերների միջնորդությամբ շարունակել ջանքերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար, միայն ակնկալվում է, որ եւրոպական եռյակը (Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) պետք է փորձի ամերիկացիներին համոզել տնտեսական պատժամիջոցների դաշտում որոշ զիջումներ անել, որպեսզի ճանապարհը հարթվի հավանական բանակցությունների համար։

Հարկ է նշել, որ Եվրամիության Արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական մի քանի կարեւոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ԵՄ ԱԳՆ-ների վերջին նիստում ընդգծել են, որ դեռ հույսեր կան Իրանի հետ միջուկային համաձայնությունը պահպանել և Իրանի տնտեսական շրջափակումները մեղմացնելու համար գործադրել INSTEX-ը։

Սակայն ամերիկացիները ևս պետք է վերջապես հասկանան, որ իրանցիների հետ բանակցելը բավականին դժվար և բարդ գործընթաց է, քանի որ իրանցիներին շատ դժվար կարելի է համոզել իրենց կանխավարկածից ու ցանկություններից բացի հաշվի նստեն ուրիշների շահերի հետ։ Թվում է, Դոնալդ Թրամփը լիովին զուրկ է իրանցիներին ճանաչելու կարողությունից և եթե ժամանակավորապես իրանցիները պարտվում են տնտեսական ճակատում, սակայն հոգեբանական պատերազմում ԱՄՆ-ն է, որ հանդես է եկել պարտվող կողմում։ Մի խոսքով, Իրանի իսլամական համակարգի գերագույն առաջնորդը և Իրանի հոգևոր իշխանություններից ոչ մի պաշտոնյա երբեք հրապարակայնորեն պատրաստ չեն հանդես գալու Դոնալդ Թրամփի հետ բանակցության սեղանի շուրջ։ Անկասկած, ԱՄՆ-ի տարած ջանքերն այդ ուղղությամբ ոչ մի արդյունքի չի հանգելու։ Այստեղ ԱՄՆ-ը ստիպված է իր նպատակներն առաջ մղելու համար հենվել հենց եվրոպացի դաշնակիցների բանակցության կարողությունների վրա, ինչին նաև հակված են Իրանի իսլամական համակարգի դիվանագիտական բազան։

Երեւի հենց այս նկատառումով է, որ հուլիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության կազմի նիստում ակնարկել է, որ հույսեր կան Իրանի հետ որոշ պայմանավորվածությունների հասնելու շուրջ։ Իսկ նախագահի խոսքերը լրացնելու միտումով, նույն նիստում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն կողմնակիորեն անդրադարձել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել, իր հրթիռային ծրագրի շուրջ բանակցել Արեւմուտքի հետ։

Իրանի համար բանակցությունները միայն ժամանակ շահելու առիթ են ընձեռում, մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և ի վերջո Իրանը կփորձի մինչ այդ իր արևելյան գործընկերներ՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի օգնությամբ մի կերպ երկրի վիրավորված տնտեսությունը ոտքի վրա պահել, սակայն Դոնալդ Թրամփի համար Իրանի դեմ պայքարը կենսական նշանակություն ունի առաջիկա ընտրությունների ճակատագիրը որոշելու համար և եթե մինչ այդ, ԱՄՆ-ը հակառակ իր կամքին ստիպված լինի Սիրիայի, Եմենի կամ Իրաքի հրապարակային դաշտում Իրանի կողմից հովանավորվող խմբեի դիմաց դիմել կտրուկ ռազմական միջոցների, ապա 2020 թ-ից հետո թե՛ ԱՄՆ-ի քաղաքական դաշտը և թե՛ Մերձավոր Արեւելքի գեոպոլիտիկական քարտեզը երեւի պետք է ենթարկվի մեծ փոփոխությունների։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031