Լրահոս
Օրվա լրահոսը

Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամին հորդորեց ինքնաբացարկ հայտնել. նա հրաժարվեց

Հուլիս 18,2019 14:41

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց իր հիմնավորումները, առ այն, որ Տավարացյանը երկու նիստերի չի մասնակցել, չի ներկայացրել հիմնավորումներ բացակայության վերաբերյալ, ու պետք է դադարեցվեն նրա լիազորությունները: Հիշեցնենք, որ Տավարացյանը երդվել է իր ընտրվելուց 9 ամիս անց, ինչը միանշանակ չի ընդունվում դատական համակարգում ու հարցեր է առաջացնում: ԲԴԽ անդամները զեկուցողներից ճշտումներ արեցին սրա հետ կապված, հետո լսեցին Տավարացյանի դիրքորոշումը:

Նախշուն Տավարացյանը նախ Հայկ Հովհաննիսյանին հարցրեց՝ չե՞ք պատրաստվում ինքնաբացարկ հայտնել: Հիշեցնենք, որ Տավարացյանը իր հարցազրույցներում էլ նշել էր, որ Հայկ Հովհաննիսյանը իրավասու չէ նման գործընթաց նախաձեռնել իր նկատմամբ՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետեւ նա դրանից առաջ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին առնչվող մեկ այլ գործով ինքնաբացարկ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նիստում, իսկ պալատի անդամ է նաեւ Տավարացյանը։ Ինքնաբացարկը պայմանավորված էր նրանով, որ իր հոր գործը գտնվում էր Վճռաբեկ դատարանի վարույթում, այդ պատճառաբանությամբ ինքը հիմնավոր կասկած էր ներկայացրել պալատի անդամների վերաբերյալ՝ քննվող գործով։ Այս պահի դրությամբ այդ գործն ավարտված չէ:

Հայկ Հովհաննիսյանը Տավարացյանի հորդորին՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, պատասխանեց. «Դուք սխալ եք, որովհետեւ տեղեկացված չեք իմ ինքնաբացարկի բովանդակությանը: Իմ ինքնաբացարկի հիմքերի ու սուբյեկտների հետ կապված ունեք ոչ պատշաճ տեղեկատվություն: Դա եղել է հունիսի 6-ի նիստում: Այդ գործով ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունների դադարեցման համար դիմել էին Վարչական դատարան, ու այդ գործով ես հանդիսացել եմ երրորդ անձ ու բողոքը մակագրվել է ձեզ»:

Նա ասաց, որ այդ ժամանակ իր լիազորությունների դադարեցման հարցով զեկուցող դատավոր էր, իսկ ներկայումս Տավարացյանը չի հանդիսանում զեկուցող դատավոր. «Ինչո՞ւ պետք է ինքնաբացարկ հայտնեմ, ի՞նչն է ինձ կաշկանդում, ձեր անձը ինձ չի կաշկանդում: Իմ հոր գործը որեւէ ատյան եւ որեւէ մեկը չի կարող փաթաթել իմ վզին եւ ինձ դարձնել հլու հնազանդ, որովհետեւ իմ հայրը ինձ դաստիարակել է, որ այն բոլոր դեպքերում, երբ հանրային շահը բախվում է մասնավոր շահին, ես պետք է ընտրեմ հանրային շահը: Ձեր մարդկային ցասումն է առաջացել, որ դուք պետք է կամ ինքնաբացարկ տաք, կամ որոշում կայացնեք իմ հոր դեմ: Ես այժմ ինքնաբացարկ տալու հիմք չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031