Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել». ԲԴԽ-ում քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը

Հուլիս 18,2019 14:19

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ Նախ, որոշվեց, որ արդարադատության շահից ելնելով՝ ԲԴԽ այս նիստը պետք է անցկացվի դռնբաց:

Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին եւ 2019-ի ընթացքում մասնակցել է միայն հուլիսի 15-ի նիստին, չի մասնակցել 2019–ի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստերի: Բացակայություններ ունենալով՝ Տավարացյանը հարգելի պատճառներ չի ներկայացրել, թե ինչու չի մասնակցել նիստերին: Հաշվի առնելով, որ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են 5 տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, ԲԴԽ 3 անդամները գտնում են, որ Տավարացյանի լիազորությունները պետք է դադարեցվեն:

Տավարացյանի՝ ընտրվելուց 9 ամիս անց տված երդումը տարակուսանքների տեղիք է տվել։ Նրա երդման ժամանակ նույնիսկ որոշ դատավորներ, որպես բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը՝ մեկնաբանելով, որ ուշացած երդումն անօրինական է։

Այսօր Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ եղել է ընդամենը խորհրդի նախագահի գրություն, որ Տավարացյանը չի երդվել: Խորհրդի նախագահը չունի իրավունք խորհրդի անունից հանդես գալու: 2018-ի դեկտեմբերի 21-ին դատավորների ընդհանուր ժողովի նիստ է տեղի ունեցել, չի քննարկվել տիկին Տավարացյանի երդմնակալության հարցը: Օրակարգում եւս չի եղել որեւէ հարց երդման վերաբերյալ: ԲԴԽ-ն շարունակել է ճգնաժամային պայմաններում գործել,այնուհետեւ ԲԴԽ-ն որոշել է, որ տիկին Տավարացյանը պետք է երդվի ու երդվել է հուլիսի 15-ին:

Բեքմեզյանը հիշեցրեց, որ դատավորների ընդհանուր ժողովից հետո մամուլի ասուլիս է եղել, որտեղ ներկա է եղել ժողովի նախագահը եւ Տավարացյանը: Ասուլիսում ժողովի նախագահը ֆիքսել է, որ տիկին Տավարացյանը իր պաշտոնը ստանձնած է համարվել այն պահին, երբ ընտրվել է ԲԴԽ անդամ: Տիկին Տավարացյանը դա չի հերքել: Եթե 2018-ի նոյեմբերի 8-ից է իր պաշտոնը ստանձնել, ապա ինչո՞ւ նա ներկա չի եղել ԲԴԽ նիստերին:

Բեքմեզյանի խոսքով՝ արդյո՞ք ԲԴԽ-ն պետք է աչք փակի սրա վրա, եթե այդպես լինի, ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրը, որը ընտրվել է դատավորների ժողովում, կարող է ասել՝ ես հիմա չեմ երդվում, մի երկու տարի հետո կորոշեմ՝ երդվե՞մ, թե՞ ոչ, դրա իրավական հետեւանքները ի՞նչ կլինեն, դա ԲԴԽ-ի որոշումների իրավաչափությունը վտանգի տակ կդնի. «Նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել, նման գործելաոճը խախտում է ԲԴԽ-ի նիստերի անցկացման բոլոր իրավական հիմքերը»: Նա ասաց, որ պետք է որոշեն՝ կա՛մ աչք են փակում սրա վրա ու ասում՝ մյուս անգամ չկրկնվի, կա՛մ ասում են՝ «այ-այ-այ»:

Տավարացյանն ասել էր, որ ինքը նիստերի մասին չի ծանուցվել, դրա համար չի եկել, ըստ Բեքեզյանի, դա հիմք չէ, նա պետք է գոնե մի օր գար, ասեր՝ ես եկել եմ, եթե ԲԴԽ անդամ է եղել:

Հայկ Հովհաննիսյանն ասաց. «Թո՛ղ որեւէ մեկը չփորձի անձնավորել, սա կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ: Այստեղ տիկին Տավարացյանի հարցը չէ, հարցը տիկին Տավարացյան հայուհին չէ, տիկին Տավարացյան դատավորը չէ: Աստեղ խնդիրը դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամն է ու դրա հետ կապված իրավակարգավորումները: Մեր այս քննարկումները միտված են միայն այս խնդրի թիրախավորմանը: Մեզնից ոչ մեկը չի թիրախավորում տիկին Տավարացյանին, որի անձի հանդեպ բոլորս ունենք հարգանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031