Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մարդիկ գնացին Նիկոլ Փաշինյանի եւ թավշյա հեղափոխության ետեւից. Հայկուհի Հարությունյան

Հուլիս 18,2019 14:05

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն ի գիտություն է ընդունում այն ամենը, ինչ իշխանությունը խոստանում է անել վեթինգի տրամաբանությամբ: Քանի դեռ կոնկրետ գործողություններ չկան, չի ցանկանում շարունակել խոսել ոչնչի մասին: Այդ մասին բանախոսն ասաց այսօր`«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հակասություններ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շուրջ․կիրականացվի՞ վեթթինգ, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ։ Նա չի կիսում «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն գրիգորյանի կարծիքը, որ նորմալ է, երբ քննարկման դրվի պատրաստի փաստաթուղթ: Գտնում է, որ մինչ ավելի լայն հանրային քննարկումները, առաջարկվող բարեփոխումների նախագծերը գոնե մասնագիտական հանրույթի հետ մի քանի օրվա քննարկումներ պետք է անցնեն:

Կարեւորելով միջազգային կառույցների դրական գնահատականները` մեր երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ, բանախոսը նաեւ նկատում է, որ այդ կառույցներն իրենց կարծիքը ձեւավորում են նաեւ հասարակական հատվածի հետ խորհրդատվության արդյունքում: Այս համատեքստում, իր համար տարօրինակ է, որ այս իշխանությունը գնում է նախորդի սխալ ճանապարհով` շրջանցելով քաղհասարակությանը, չօգտագործելով այդ ռեսուրսը, փորձում է Վենետիկի հանձնաժողովից կամ այլ միջազգային կառույցից եզրակացություններ բերել ու հրամցնել:

Նա համարում է, որ ինքներս պետք է հասկանանք`թե ե՞րբ, ի՞նչ եւ ինչպե՞ս ենք անելու ու չի կարծում թե, այդ որոշումները միջազգային կառույցների կողմից առարկությունների կհանդիպեն: «Մարդիկ թավշյա հեղափոխության ժամանակ գնացին Նիկոլ Փաշինյանի եւ մնացածի հետեւից, որովհետեւ տեսան վճռականություն: Հիմա էլ այդ վճռականությունը պետք է տեսնենք եւ այդ վճռականությունը պետք է զուգակցվի համազգային ռեսուրսի օգտագործմամբ: Մարդիկ խանդավառված էին, դա մի քիչ մարել է, բայց դեռ կա եւ պետք է օգտագործվի»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը համաձայն է վերոնշյալ դիտարկումների հետ, քանի որ տեղի մասնագետներն ավելի լավ են տիրապետում իրավիճակին: Պատգամավորն, ի դեպ, E-draft համակարգը՝ իբրեւ հանրային քննարկման հարթակ, արդյունավետ չի համարում, ասում է՝ «պտիչկա դնելու» եւ քննարկման բուտաֆորիայի դեր է տանում: Նրա կարծիքով՝ հանրային քննարկման հարթակն ավելի արդյունավետ պետք է կազմակերպել: Բայց մի բան հստակ գիտի` եթե իշխանության կողմից ցանկություն կա իրական բարեփոխումներ իրականացնելու, ապահովվելու է նաեւ քաղհասարակության մասնակցությունը, եթե կամքը չեղավ`«պտիչկա դնելու» հարթակներ միշտ էլ կգտնվեն:

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն էլ արձանագրում է` մեկ տարի է հստակ կա քաղաքական կամք, բայց դրա տեղայնացումը կարծես ֆորմալության տեղիք է տալիս: Իրենց պրակտիկայից օրինակներ է բերում` դատավորների նշանակման կարգին վերաբերվող իրենց առաջարկներն արդեն երկու անգամ որեւէ արձագանք չեն ստացել: ՀՀ արդարադատության նախարարության հասարակական խորհրդի նիստ է լինելու առաջիկա շաբաթ օրը, բանախոսը տեղեկացնում է, որ քննարկման առարակային դարձյալ ծանոթ չեն: Փաստաթղթերը կստանան լավագույն դեպքում, հանդիպումից մեկ օր առաջ, եւ լուրջ չէ մի քանի ժամում դրա ծանոթանալ, առաջարկներ ներկայացնելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031