Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Գրիգորյան. «Ի վերջո, ՀՀ ժողովրդին էլ կարեւոր չէ՝ ինչ բառ է, կարեւոր է, որ բարեփոխում իրականացվի եւ շոշափելի արդյունք գրանցվի». «Հայկական ժամանակ»

Հուլիս 18,2019 13:28

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանը այն կարծիքին է, որ Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածներն ընդամենը նիստի ընթացքում հնչած մտքերի արձանագրությունն են, եւ ոչ թե Հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված հայտարարություն, նամակ կամ պաշտոնական դիրքորոշում։ Նա նշեց, որ թեպետ այդ արձանագրության մեջ ինչ-որ ապոկալիպտիկ բաներ գրված չեն, այնուամենայնիվ կարեւոր է հասկանալ նշյալ փաստաթղթի կարգավիճակը։

Սուրեն Գրիգորյանի պնդմամբ հրապարակված փաստաթղթերում արձանագրվածը նախկինում էլ է հայտնի եղել, բայց երբեք նման աղմուկ չի առաջացրել, եւ այսօր սա ոչ մի բանից ստեղծված աղմուկ է՝ բացարձակ շահարկումների դաշտում գտնվող։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի՝ նախօրեին արված հայտարարությանը՝ պատգամավորի կարծիքով՝ ծավալվող քննարկումների ֆոնին հենց այնպես չէր տարածվի նման հայտարարություն, եւ դրա պատճառը եղել է նաեւ այն, որ ավելորդ անգամ փարատվեին կասկածներն ու բոլորի համար հասկանալի լիներ Հայաստանի եւ Հանձնաժողովի միջեւ աշխատանքի մթնոլորտը։

Անդրադառնալով արձանագրության մեջ արծարծվող նկատառումներին, թե Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին, եւ որ դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ պետք է կենտրոնանալ ոչ թե տերմինների, այլ բովանդակության ու գործընթացի վրա։ Նա նշեց, որ վարչապետն էլ ի սկզբանե հայտարարել է, որ լինելու է «այսպես ասած՝ վեթինգ», դատավորների գույքային քաղաքականության եւ այլնի ստուգում, եւ, ըստ էության, այդ նույն բովանդակությունը դրված է լինելու կարգապահական վարույթների մեջ.

«Ի վերջո, ՀՀ ժողովրդին էլ կարեւոր չէ՝ ինչ բառ է, կարեւոր է, որ բարեփոխում իրականացվի եւ շոշափելի արդյունք գրանցվի»,– ընդգծեց մեր զրուցակիցը։

Գրիգորյանը նկատեց նաեւ, որ արձանագրության մեջ մանիպուլյացիոն գնահատական կա նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Նշված է, որ մտահոգիչ է, որ Վահե Գրիգորյանի ելույթը ողջունվեց Ազգային ժողովում, եւ այդ ողջունելը մեկնաբանվում է որպես ծափողջույն։ Բայց ծափեր եղել են վերջում, երբ Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ավարտել է իր խոսքը, ընդ որում՝ ցանկացած թեկնածուի որեւէ պաշտոնում ընտրվելուց հետո ելույթ է ունենում, որից հետո միշտ ծափահարում են։ Հիմա այդ հատվածին մինչեւ այս ԱԺ պաշտոնական դիրքորոշում չի եղել, եղել են առանձին պատգամավորների կարծիքներ, գուցե նաեւ իրարից տարբեր, բայց ԱԺ-ն ինստիտուտ է, որի դիրքորոշումը պետք է արտահայտվի միայն որոշակի, կոնկրետ ձեւով»։

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031