Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի երկրորդ ծաղկումը ոչ պատգամավորներն են «նկատում», ոչ ՀԿ-ները, ոչ գիտնական մասնագետները. «168 ժամ»

Հուլիս 18,2019 13:23
cuxak

Սեւանա լճի ճակատագրով մտահոգ պատգամավորները տարբեր տարիներին կարճ անունով օրենքի երկու լրացում ընդունեցին, իսկ երկար անունով՝ վեց։ Բայց լճի վիճակը շարունակում էր վատանալ։ Սևանը սկսեց ծաղկել։ Տարին երկու անգամ։

Ամառային ծաղկումը համընկնում էր (և՝ է) արձակուրդային շրջանի հետ՝ երբ հասարակական-քաղաքական կյանքը դադարի մեջ է։ Մամուլը գրելու թեմա քիչ ունի։ Հետևաբար՝ ամեն տարի այս օրերին նույն քննարկումներն են։ Բոլորս լսում ենք նույն թվերը։ Պարզվում է՝ Որոտան-Արփա-Սևան թունելով լիճը տարեկան պիտի 170 մլն խմ ջուր ստանար։ Նախորդ ճգնաժամային ու անխիղճ տարիներին լճից տարեկան 170-200 մլն խմ ջուր է բաց թողնվել։ Իսկ վերջին տարիներին՝ 140 մլն։

Բնապահպաններն «անիծելով» բոլորին՝ գործադիր իշխանությունից մինչև Սևանի հարցերով ստեղծված հատուկ հանձնաժողով, պնդում են, որ ջրի բացթողնման տարեկան նորման չպիտի գերազանցի 55 մլն խմ-ն։ Հետո կրկին ու կրկին խոսում են այն մասին, որ Սևանա լճի շուրջ կոլեկտոր չկա, որ բոլոր բնակավայրերի կոյուղիները թափվում են լիճ, որ լճի ջրերի բարձրացումը սպասված դրական արդյունքը չտվեց: Ամեն տարի մանրամասնում են, որ այգիներն ու շինությունները մնացին բարձրացած ջրերի տակ։ Փոքր քանակ չէ՝ տարբեր տարիներին կառուցված 300 շինություններ իրենց գետնափոր զուգարաններով մնացել են ջրի տակ։

Ամառային քննարկումները, որպես կանոն, կազմակերպվում են ոչ այն է՝ աշխատող, ոչ այն է՝ վաստակած արձակուրդը վայելող խորհրդարանում։ Քննարկումներին մասնակցում են համապատասխան հասարակական կազմակերպությունները։ Ամեն տարի իշխանությունները կիսաբերան ասում են, որ լճում լողալը վտանգավոր է (չգիտես ինչո՞ւ՝ «լողալ» բառի փոխարեն՝ օգտագործելով «լողանալ» բառը)։ Վերջին երկու տարին տեղացիները փակում են մայրուղին՝ պահանջելով, որ իշխանությունները հակառակը հայտարարեն։ Փակում ու հասնում են իրենց նպատակին՝ մեկ-երկու պաշտոնյա հրապարակավ լողում է լճում ու ջուր խմում, հետո վերադառնում մայրաքաղաք, ուր նրան բացատրում են, որ Սևանա լճի ջուրը լողալու համար է, ոչ թե խմելու։ Ու վերջ։

Տարվա ընթացքում լիճը երկրորդ անգամ ծաղկում է աշնանը։ Բայց աշունը մեր երկրում ամեն տարի թեժ է։ Քաղաքական իմաստով, իհարկե։ Ու երկրորդ ծաղկումը ոչ պատգամավորներն են «նկատում», ոչ հասարակական կազմակերպությունները, ոչ գիտնական մասնագետները։ Հրապարակավ չեն նկատում։ Մինչև հաջորդ ամառ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031