Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Իջեւանի ցուցարարների մասին. «Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից կառավարում են պոտենցիալ մարդիկ, որոնք պատժվելու են»

Հուլիս 18,2019 13:17

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ կառավարության անդամներն անդրադարձան Իջեւանում տեղի ունեցած բողոքի ցույցին, որի արդյունքում ոստիկաններ են վնասվել: Ցուցարարները պահանջում էին իրավապահների տեղադրած պահակակետերը վերացնել եւ թույլատրել իրենց անտառահատումներ անել: Սա ըստ էության, ապօրինի ծառահատում է:

Այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ ընդունվեց նոր օրենսդրական փաթեթ, ըստ որի` առաջին անգամ քրեականացվեց ապօրինի անտառահատումը, եւ վարչական իրավախախտումից հետո արարքը կրկնելու դեպքում՝ քրեականացվում է։

Գրիգորյանի խոսքերով. «Այդ փաթեթի ամբողջ էությունը նրանում է, որ մինչ այժմ եղած օրենսդրական բացերը փակվել են: Նախկինում ապօրինի անտառահատում էին իրականացնում, բռնվելու դեպքում ընդամենը վարչական տույժ էին վճարում։ Երեկ այդ ակցիայի ժամանակ բազմաթիվ անգամ մասնակիցների կողմից շեշտվեց, որ օրենսդրական փոփոխություններ են եղել, քրեականացվել է։ Իրենց բարձրացված հարցը վերաբերում էր թուղթ ունենալուն, թուղթ, ոչ թե փայտ, որ թղթով տեղափոխեն այդ ապօրինի ծավալները։ Խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին։ Նրանց եւ անվճար տրամադրվում է թափուկ վառելափայտ, եւ այնտեղ կան հնարավորություններ, որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են, կարողանան իրենց պահանջարկը բավարարել։ Ամբողջ ակցիայի նպատակն այն է, որ հնարավորություն ստանան տեղափոխել վառելափայտն ու փայտն ընդհանրապես։ Իսկ ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար»:

Էրիկ Գրիգորյանը նկատեց՝ մարդիկ ժամանակին վերցրել են անտառահատման տոմսեր, ամիսներով այդ տոմսերը շրջանառվել են, դրանով ցույց են տվել օրինականություն, սա եւս ոստիկանությունն ու տեսչական մարմինն արձանագրում է: Նախարարը վստահեցրեց՝ այս պահին տասնյակ քրեական գործեր են հարուցված տարբեր անտառտնտեսություններում, անտառապահներ, անտառապետեր:

Նախարարի ներկայացմամբ՝ Լոռու մարզում էլ իրավական շատ գործընթացներ կան. «Այդ օրենսդրական փոփոխությունները, ոստիկանության, տեսչության, մեր կառույցների համատեղ աշխատանքը փոխում են իրավիճակը։ Սա Հայաստանի համար կենսական նշանակության հարց է, այլ ոչ անտառի, որովհետեւ անտառի այս լայնածավալ հատումները, որոնք երկար տարիներ եղել են, եւ նաեւ օրենսդրական դաշտը հարմարեցվել է, որպեսզի պատիժներից խուսափեն, դրանք իրենց հետ բերում են նաեւ այլ խնդիրներ՝ ջրերի, ոռոգման հետ կապված»:

Գրիգորյանը նշեց՝ այս անտառահատումները գյուղացիների սեփական կարիքների համար չէ, ինչպես որ երկար տարիներ ներկայացվել է։

Վարչապետը հավելեց՝ դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իրենց կոռուպցիոն կապերով ստեղծել են որոշակի լծակներ, ցանց, եւ ըստ էության, այսօր գործ ունենք այդ ցանցի հետ, ԱԱԾ-ում կա քրեական գործ՝ կազմակերպված ցանցի՝ այդ գործողություններն իրականացնելու ուղղությամբ. «Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են էն պոտենցիալ մարդկանց կողմից, ովքեր անխուսափելիորեն պատժվելու են։ Ես ուզում եմ հստակ լինենք՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու։ Եվ այստեղ ես խնդիրը հստակ դնում եմ իրավապահ մարմինների առաջ։ Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ՀՀ կառավարության հետ որեւէ մեկը չի կարող շանտաժով խոսել, եւ սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ մարմինների խնդիրն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031