Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չտվեց հարցի պատասխանը` ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում. Լուսինե Հակոբյան

Հուլիս 18,2019 13:06

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ Լուսինե Հակոբյանն առ այսօր չունի պատասխանը, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վենետիկի հանձնաժողովում եւ ինչո՞ւ են հակասական քննարկումներ տեղի ունենում նախօրոք վարչապետի կողմից հայտարարված՝ դատավորների վեթինգի շուրջ: Երեկ վարչապետի հարցազրույցից էլ Լուսինե Հակոբյանն իրեն հուզող հարցերի պատասխանները չի ստացել, ուստի չի ցանկանում մեկնաբանություններ անել`ստանձնելով պատասխանատվություն: Այս մասին նա այսօր հայտարարեց «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Հակասություններ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շուրջ․ կիրականացվի՞ վեթթինգ, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ։ Բանախոսը միայն հիշեցնում է` սկսեցինք ինչ-որ գործընթաց, 2,5 ամիս տեւած քննարկումների արդյունքում հակասություններ կան, գործողություններն էլ պասիվ ընթացքի մեջ են, արդարադատության նախարարությունում եղած կադրային փոփոխություններն էլ ավելի դանդաղեցնում են ընթացքը: Նրա կարծիքով, հետհեղափոխական շրջանում ձեւավորված դատաիրավական բարեփոխումների մասին նույնիսկ հայեցակարգային մոտեցումներ չկան այսօր: «Վարչապետի տերմինաբանությունը մի կողմ եմ թողնում, համակարգային բարեփոխումների համատեքստում գործողություններ տեսանելի չեն, ինչ-ինչ քայլեր դիտարկված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ»,- ասաց նա` հավելելով, որ իր համար տարակուսելի են դատաիրավական համակարգի վերաբերյալ այս իրավիճակները եւ Նիկոլ Փաշինյանի բերած օրինակները համոզիչ չեն:

Լուսինե Հակոբյանը մտավախություն ունի, որ վարչապետին տրամադրվող տեղեկությունները համակողմանի եւ ամբողջական չեն: Բանախոսի համար, օրինակ, համոզիչ չեն նախաքննական մարմինների գործունեությունների առանձնացումը վարչապետի կողմից. «Արդեն երկու անգամ եւ հրապարակային, դատարանների վրա է դրվում մեղքի մեծ բաժինը»: Առաջին անգամը դա արվեց դատարանների ելքերն ու մուտքերը փակելու կոչի ժամանակ`մայիսի 20-ին: Իրական խնդիրների եւ լուծումների առնչությամբ համարժեքությունը, բանախոսի համոզմամբ, թերի է:

Այս դիտարկումները չի կիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը: Նա հավաստիացնում է, որ իշխանության մտադրություններում փոփոխություններ չկան: Վենետիկի հանձնաժողովի փակ նիստի հրապարակված արձանագրությունն իր գնահատմամբ, արտառոց ոչինչ չի պարունակում եւ արհեստական է որակում այդ առիթով «մասշտաբային հրահրումները»: Տերմինաբանական բառախաղի մեջ չմտնելով եւ «վեթինգ» տերմինի շուրջ ստեղծված ինտրիգը արհեստական համարելով, նա հղում է անում մայիսի 20-ին վարչապետի ելույթին եւ հավաստիացնում` դատական օրենսգրքի առաջիկա փոփոխություններով հնարավոր է ապահովել բոլոր դատավորների «այսպես կոչված վեթթինգը»`վերջիններիս կապերի, գույքային դրության եւ բարեվարքության ստուգումը: Փաստաթուղթը կլինի, գնահատականները հետո առարկայական կտրվեն: Արդարադատության նորանշանակ նախարարն ասել է հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ պատրաստ կլինի դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունների նախագիծը, ապա Վենետիկում փորձաքննություն անցնելու հետո, կդրվի հանրային քննարկման:

Ռեֆորմների հապաղման մասով էլ ասում` քաղհասարակության, քաղաքացիների մտահոգություններին ըմբռնումով է մոտենում: Բայց համաձայն չէ, որ դրանք հապաղում են կամ պայմանավորված են ՀՀ արդարադատության նախարարությունում կադրային փոփոխություններով: Ավելին, կարծում է, այդ փոփոխություններից հետո ավելի ինտենսիվ գործողություններ կլինեն: Փաստում է`ներսում գործընթացն ավելի ակտիվ է, ուղղակի աշխատանքային քննարկումներ են, տեսանելի չեն: Սուրեն Գրիգորյանը կիսում է վարչապետի կարծիքը, որ մեկ տարվա ընթացքում դատաիրավական համակարգին ինքնամաքրման հնարավորություն պետք է տրվեր:

Նա չի կիսում քաղհասարակության ներկայացուցիչների դժգոհություններն առ այն, որ նախագծի մշակման գործընթացում ներգրավված չեն: Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է` հաճախ նույնիսկ ԱԺ-ից են այդ դժգոհությունները հնչում, բայց վստահեցնում է, որ փաստաթուղթը, միեւնույն է ,ծածուկ չի «սղղացվելու», հանրային լայն քննարկում է անցնելու:

Լուսինե Հակոբյանը համաձայն չէ. «Նախկինում էլ էր այդպես, ու դրան մենք համաձայն չենք, ի սկզբանե քննարկումներում պետք է ընդգրկվենք»: Նա հիշեցնում է, որ շատ հկ-ներ արդարադատության խորհրդից նախկինում հենց այդ պատճառով էին դուրս եկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031