Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը Իջեւանի դեպքերի մասին. «Հսկողությունն ավելի է ուժեղացվել, ոստիկանության զորքերի մի մասն ուղեւորվել է Իջեւան»

Հուլիս 18,2019 12:44

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իջեւանում վերջին օրերին բողոքի ցույցերին:

Փաշինյանը հայտարարեց՝ ապօրինի ծառահատում իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը, սակայն, կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության:

Այսօր նիստին ներկա էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, քանի որ պետը՝ Վալերիյ Օսպիյանը Իջեւանում է: Մովսիսյանը ներկայացրեց իրավիճակը Իջեւանում. ոստիկանությունը ապօրինին ծառահատման կանխման ուղղությամբ միջոցառումներ է իրականացրել Լոռու եւ Տավուշի մարզերում, եւ համապատասխան տեղանքներում տեղադրվել են պահակակետեր, դրանք այն հատվածներում էին, որտեղով կարող էր արտահանվել ապօրինի փայտանյութը: Եվ սա ըստ փոխոստիկանապետի, դժգոհություն է առաջացրել ապօրինի ծառահատումներ իրականացնողների մոտ, եւ որոնք փողոց փակելու միջոցով են փորձում իրենց խնդիրները լուծել։ Ցուցարարները պահանջում են վերացնել այդ պահակակետերը, եւ թույլատրել իրենց անտառահատումներ իրականացնել, եւ ինչպես Մովսիսյանն ասաց՝ ապօրինի փայտանյութն արտահանել մարզից:

Փոխոստիկանապետն ասաց, որ երեկ Իջեւանով դեպի Վրաստան անցնող մայրուղին մոտ 500 անձինք մի քանի անգամ փակել են, հետո այն բացվել է:

Մովսիսյանը զեկուցեց՝ ժամը 18:00-ին, չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին՝ մոտ 500 անձինք փակեցին մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել, ուզում էր բացել փողոցները, եւ այդ պահին տեղի ունեցավ բախում. «Բողոքավոր հատվածը քարերով, փայտերով, մահակներով վնասվածքներ պատճառեցին մի խումբ ոստիկանների՝ 12 հոգու: 8 ոստիկան այսօր էլ դեռ հոսպիտալացված են, բայց լուրջ վնասվածքներ չկան»։

Մովսիսյանն ասաց, որ այժմ հսկողությունն ավելի է ուժեղացվել, ոստիկանության զորքերի մի մասն ուղեւորվել է Իջեւան։

Բերման են ենթարկվել, ըստ փոխոստիկանապետի, 19 ակտիվիստ, որոնցից 13-ը ձերբակալվել են։ Փաշինյանն ուղղեց՝ նրանց ակտիվիստ ասելն այս դեպքում սխալ է: Ապա վարչապետը հետաքրքրվեց՝ պետք է բերման ենթարկվեր 36 անձ, մյուսներն ո՞ւր են։ Մովսիսյանը պատասխանեց, որ բոլոր հասցեներով ոստիկանական խմբեր են գնացել, որպեսզի այդ անձանց բերման ենթարկեին, սակայն նրանք տեղում չէին, իրենց բնակության վայրից բացակայել են, բայց նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Վարչապետի հարցին ի պատասխան՝ փոխոստիկանապետը բացառեց, որ այդ անձինք երկրից բացակայում են, գործը քննվում է Քննչական կոմիտեի Տավուշի բաժնում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031