2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության չափը, այն տրամադրելու կարգը, դիմումի ձեւն ու դրան կցվող պահանջվող փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է:
Այսօր կառավարության նիստին նախատեսվում է քննարկել համապատասխան որոշման նախագիծը, որն ընդգրկված է նիստի օրակարգում:
Այս տարվա մայիսին Ազգային ժողովն ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը:
Հիմա կառավարությունը հստակեցնում է, թե ովքեր, ինչպես եւ որքան աջակցություն պետք է ստանան:
Կարդացեք նաև
Ըստ որոշման նախագծի, աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով՝ հետեւյալ չափերով՝ 1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ, 2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ, 3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ:
Նախագծով առաջարկվում է, որ այս ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է պետական բյուջեի միջոցներով:
Որոշման նախագծով սահմանվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են աջակցության տրամադրման համար դիմումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Ընդորում, դիմումը կարելի է ներկայացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում, 3 տարին լրանալուց հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման:
Օրենքի 2-րդ հոդվածով աջակցություն ստանալու իրավունք ունեն՝ 2008-ի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը. 2) այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը եւ ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:
Նշված գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձն աջակցություն ստանալու իրավունք ունի, եթե նշված գործողություններին իր մասնակցության առնչությամբ չի ենթարկվել քրեական հետապնդման, ինչպես նաեւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով կամ կայացվել է արդարացման դատավճիռ:
Կառավարությանը ներկայացրած որոշման նախագծով նաեւ սահմանվում է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման մեջ եղած անձի կողմից դիմում ներկայացված լինելու դեպքում՝ լիազոր մարմինը, պարտավոր է իրավասու մարմիններից հայցելու օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ հոդվածի 3-րդ մասերով (Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, ապա տվյալ անձին աջակցություն տրամադրելու համար դիմումը քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդման հարցը որոշելուց հետո) վկայակոչված հանգամանքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն: Լիազոր մարմինը պարտավոր է նաեւ իրավասու մարմնից հայցելու սույն որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում նշված՝ համապատասխան պատճառական կապը հավաստող փաստաթուղթը, եթե այն չի ներկայացվել դիմումատուի կողմից կամ ներկայացված փաստաթուղթը բավարար չէ՝ համապատասխան պատճառական կապը հաստատված համարելու համար»:
Դիմումը հնարավոր է մերժվի, ինչպես նախագծում է գրված, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Ըստ նախագծի, եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվի, որ առկա է օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվելու է դիմումի քննարկումը: Նախատեսվում է նաեւ, որ դիմումի քննարկումը լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ վերսկսվելու է՝ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման հարցը որոշելուց հետո՝ այդ մասին դիմումատուի՝ գրավոր տեղեկատվություն ստանալու դեպքում:
Եվ եթե աջակցություն տրամադրելու որոշումը կայացվի, ապա լիազոր մարմինը այդ գումարը պետք է փոխանցի դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագծով նաեւ սահմանվել է, թե ինչ փաստաթղթեր պետք է կցվեն դիմումին՝ աջակցություն ստանալու համար: Դրանք են՝ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (ներկայացուցչի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ ներկայացվում է լիազորողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը եւ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաեւ ներկայացուցչի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը): Իրավահաջորդի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաեւ իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է զոհված (մահացած) անձի մահվան պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ (առկայության դեպքում), իսկ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացվելու դեպքում՝ նաեւ առողջությանը հասցված վնասի բնույթը եւ ծանրության աստիճանը հաստատող դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ինչպես նաեւ իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ: Դիմումատուն իր ցանկությամբ կարող է նաեւ այլ փաստաթղթեր ներկայացնել:
Ինչ ճակատագիր կունենա այս նախագիծը՝ պարզ կլինի այսօր, կառավարության նիստում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.07.2019