Իջեւանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Ոչ մի բան էլ չեն արել, պարզապես կանգնել-նայել են, թե ինչ է կատարվում: Մարդ են սպանե՞լ: Թող մարդասպաններին դատեն, իսկ մեր երեխեքին՝ մեզ տան: Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,-այսօր ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը:
Հիշեցնենք՝ Իջեւանում «փայտի գործ» անողների եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում էին վերացնել ապօրինի ծառահատման արգելքը: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հայտարարել էր, որ միջադեպի արդյունքում եւ ապօրինի ծառահատման դեպքերի առնչությամբ քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանություն:
«Գիշերով՝ ժամը չորսին, մտել են տները, մի մասին ծեծել, մյուսներին մերկ՝ երեխաների եւ ծնողների առաջ, տարել եսիմ ուր: Դիմել եմ ոստիկանություն ու ասել, որ էպիլեպսիայով եւ «Երեւանյան» հիվանդությամբ տառապող երեխայիս տեղն ուզում եմ իմանալ: Չասացին: Ժողովուրդը որեւէ ոստիկանի խաթրին չի կպել»,-իրավիճակն այսպես պատմեց կանանցից մեկը: Նրա խոսքով՝ ոստիկանները չեն ասել, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում եւ ուր են տանում. «Սղոցարաններ ունեցողներին ինչո՞ւ չեն տարել: Օրինական ձեւով օրվա հաց վաստակողներին այնպես են տարել, որ ծնողները շշմած են մնացել: Ես տեսել եմ, որ երեխաներին քաշքշել են»:
Ապա կինը մատնացույց արեց 15-ամյա տղաներից մեկին, որը հաստատեց, որ ոստիկաններն իրեն քաշքշել են այն պահին, երբ ինքը ցանկացել է թույլ չտալ մեկ այլ քաղաքացու՝ բերման ենթարկվելը:
Կարդացեք նաև
Այնուհետեւ տիկինը հայտարարեց՝ փաստեր ունի, որ ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. «Փաստերը հավաքում ենք, որ ներկայացնենք դատախազությանը եւ մարզպետարանին: Նկարել ենք, տեսանյութեր կան»:
Իսկ թե ինչպես է ստացվել, որ ոստիկանների հարձակման պարագայում հենց ոստիկաններն են տուժել, կինն այսպես բացատրեց. «Քաղաքացու շորերով մտել են մարդկանց մեջ, իրենք են արել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ