Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Չաուշյան. Ժողովրդի մոտ փոքր տոկոսով ինչ-որ հիասթափություն կա, բայց ոչ այն առումով, որ հեղափոխությունից մեկ տարի անց բոլորը պետք է հիանալի ապրեին, այլ արդարադատության տեսանկյունից. «Հրապարակ»

Հուլիս 18,2019 11:31

Հարցազրույց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանի հետ

– Պարոն Չաուշյան, հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ ունենք՝ լինի դա մշակութային, թե հասարակական այլ ոլորտներում։

– Նիկոլ Փաշինյանը թերեւս կարողացավ անել այն, ինչ չէր հաջողվում անել մյուսներին՝ հայ ժողովրդին ազատել հայերի լծից, որովհետեւ մարդիկ կորցրել էին իրենց ազգային, մարդկային զգացմունքները, փողի մոլուցքը շատ դժվար փորձություն է, որին կարող է քիչ մարդ դիմանալ, հատկապես եթե ունի գռփելու հնարավորություն։ Իսկ գռփելը մեր մոտ դրված էր պետական հիմքերի վրա, որը վաղ թե ուշ պետք է փլվեր, եւ ժողովուրդը կարողացավ իր կամքը հայտնել։ Կատարվածը կարելի է ե՛ւ հեղափոխություն, ե՛ւ հեղաշրջում ասել, կարեւորը՝ անարյուն եւ ժպիտներով եղավ։

– Այս մեկ տարվա մեջ ինչքանով հնարավոր եղավ այդ ժպիտները, սերն ու համերաշխությունը պահպանել։

–  Դա արդեն 2-րդ հարցն է, որովհետեւ եթե հեղափոխություն անելը շատ դժվար գործ է, ապա հեղափոխության նպատակները, դրանց հավատարիմ լինելը տասն անգամ ավելի բարդ են։ Ամեն դեպքում, ես հիասթափված չեմ, չնայած որ, այո, տեմպերը դանդաղ են, բայց չեմ էլ պատկերացնում, որ դրանք արագ լինեին։ Անհասկանալի բաներ կան, որովհետեւ շատ շատերը, ովքեր ե՛ւ դղյակներ էին կառուցել, ե՛ւ գողացել պետությունից, պաշտոններ էին գրավում ու մնացին իրենց տեղում։ Մի բան էլ էր ինձ համար տարօրինակ, երբ սկսեցին Օպերայի հարակից սրճարանները քանդել, բայց պարզվեց՝ ամբողջ աղմուկը մեկ կամ մեկուկես սրճարանի շուրջ էր։

– Ընտրողական արդարության ականատես եղանք։

– Այս դեպքում՝ այո, եւ բացատրություն էլ չտրվեց, թե ինչու մյուս սրճարանները մնացին անձեռնմխելի, եթե խոսքը գնում էր տարածքի մասին։ Իհարկե, այդ տարածքում ինչ-որ սրճարան կամ սրճարաններ պետք են, բայց, իմ կարծիքով, դրանք պետք է պատկանեն օպերային թատրոնին, եւ դրա եկամուտը, իսկապես, մեծ օգուտ կտա օպերային արվեստին։ Մանվել Գրիգորյանին երկար ժամանակ, անգամ ձերբակալությունից հետո, անվանում էին գեներալ, բայց եթե նրա գող լինել կամ չլինելը միայն դատարանը պետք է ապացուցի, ապա մեր աչքով տեսածն արդեն իսկ գեներալի կոչման հետ չէր կարող համընկնել։ Նույնը վերաբերում է մեր մյուս գեներալին, որը դեռ գեներալ է կոչվում. խոսքը Միքայել Հարությունյանի մասին է։ Պարզվեց, որ նա ՌԴ քաղաքացի է՝ միաժամանակ լինելով պաշտպանության նախարար։ Այդ հարցերը մնացին այդպես օդում կախված։ Ժողովրդի մոտ փոքր տոկոսով ինչ-որ հիասթափություն կա, բայց ոչ այն առումով, որ հեղափոխությունից մեկ տարի անց բոլորը պետք է հիանալի ապրեին, այլ արդարադատության տեսանկյունից, որ մեղավորները պետք է պատժվեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031