«Հարվածը եղել է միակողմանի՝ քաղաքացիների կողմից: Մի խումբ քաղաքացիներ երեկ ցերեկը հինգ-վեց անգամ ճանապարհ են փակել, ոստիկաններն էլ բացատրական աշխատանք են տարել, ինչից հետո ճանապարհը բացվել է: Իսկ երեկոյան քաղաքացիները շատացել են՝ մոտ վեց հարյուր, եւ հրաժարվել կատարել ոստիկանների օրինական պահանջները՝ բացել միջպետական ճանապարհը»,-քիչ առաջ ուղիղ եթերում լրագրողների հետ զրույցում երեկ Իջեւանի միջպետական ճանապարհը փակած «փայտի գործ» անողների եւ ոստիկանների միջեւ բախումից այսպիսի մանրամասներ հայտնեց Իջեւան ժամանած ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Հանձնարարել եմ օրենքի սահմաններում շղթա կազմել եւ հայտարարելուց հետո օրենքի տառին համապատասխան՝ շղթայով քայլել առաջ ու քաղաքացիներին ստիպել ազատել փակված ճանապարհը: Բայց քաղաքացիները ոստիկանների օրինական պահանջը դիմավորել են մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչի հետեւանքով տասներկու ոստիկան վիրավորվել է»,-փաստեց ոստիկանապետը:
Օսիպյանի փոխանցմամբ՝ երեկ, երբ ինքը եկել է Իջեւան, բանակցել է մոտ երեսուն քաղաքացիների հետ. «Պահանջում էին, որ մենք վերացնենք Տավուշի մարզում տեղակայված պահակակետերը, որոնք վերահսկում են Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը, որոնց արդյունքում փայտը տեղափոխվում էր Երեւան եւ այլ վայրեր՝ վաճառքի: Ինձ հետ պայմանով էին խոսում, ասում, որ պետք է հրամայեմ պահակակետերը հանել: Բերման ենթարկված մեքենաներից մի մասը, առանց ծառահատման թույլտվության, ոստիկանության բաժանմունքներում են: Պայման էին դնում՝ բաց թողնել այդ մեքենաները: Ասացի, որ նման հրամաններ չեմ տալու, ավելին՝ քրեական գործ է հարուցվել, մեղավորները պատժվելու են: Գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու փաստով»:
Պարոն Օսիպյանը տեղեկացրեց, որ այս պահին ոստիկանության ստորաբաժանումներ բերման ենթարկված 19 քաղաքացի կա. «Մենք հանդուրժող չենք լինելու: Անթույլատրելի եմ համարում նման ոճով՝ պայման դնելով խոսելը: Տարիներ շարունակ նրանք սովոր են եղել անտառ ոչնչացնել եւ անօրինական են զբաղվել անտառի առուվաճառքով: Հեղափոխությունից հետո մենք գործում ենք օրենքի տառին համապատասխան: Թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն ոստիկանության հետ եւ թելադրեն, թե ինչ անել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից