Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք «հոսանքներից» դուրս

Հուլիս 18,2019 10:00
zinvor

Նրանք, ովքեր սովորել են խորհրդային դպրոցում, հիշում են, որ թե՛ հայ գրականության եւ թե՛ հայոց պատմության դասագրքերում 19-րդ դարի հասարակական-քաղաքական միտքը բաժանում էին երեք «հոսանքների»՝

1/ կղերա-ֆեոդալական (ըստ դասագրքի՝ ամենավատը), որի ներկայացուցիչն էր, օրինակ, Գաբրիել Այվազովսկին՝ մեծ ծովանկարչի եղբայրը,

2/ ազատական-բուրժուական (որն առաջինից լավն էր համարվում, զբաղվում էր լուսավորչական աշխատանքով եւ այլն, բայց «աշխատավորների շահերը» լավ չէր հասկանում)՝ այստեղ սովորաբար նշվում էին Ստեփանոս Նազարյանի եւ Գրիգոր Արծրունու անունները,

3/ հեղափոխական-դեմոկրատական (որը դասագրքերում ամենաբարձրն էր գնահատվում), առանցքային դեր էր խաղում Միքայել Նալբանդյանը, որը ներկայացվում էր համարյա որպես բոլշեւիկների նախահայր:

Դասակարգումն, իհարկե, ուներ բազմաթիվ թերություններ. ինձ թվում է, այն հատկապես անարդար էր Նալբանդյանի նկատմամբ, որը, մեր այսօրվա ընկալմամբ, ավելի շուտ ազգային գործիչ էր, մեր ներկայիս օրհներգի բառերի հեղինակը, քան սոցիալական պայքարի մարտիկ:

Բայց հետաքրքիր է մեկ այլ բան. այն, ինչ անվանում էին «կղերա-ֆեոդալական հոսանք», գոյություն ունի առ այսօր եւ ունի խորը հասարակական արմատներ: Ֆեոդալիզմը, որպես կյանքը կազմակերպելու ձեւ, խորն արմատներ է գցել մեր ազգային հոգեբանության մեջ եւ արտահայտվում է բոլոր մակարդակներում՝ սկսած իշխանական վերնախավի մասին պատկերացումներից եւ վերջացրած ընտանեկան հարաբերություններով: Երբ պետություն չկար, տեղացի ֆեոդալը՝ աշխարհիկ թե հոգեւորական, մեծ մասամբ ընկալվում էր որպես օտար միապետին ծառայող՝ անկախ նրանից, թե ինչպես էր նա կոչվում՝ պարզապես «աղա», թե Կենտկոմի քարտուղար: Իսկ տերտերն այդ համակարգում խաղում էր (եւ հաճախ շարունակում է խաղալ) բնակչությանը որոշակի ծառայություն մատուցող ոչ այնքան բարեխիղճ պաշտոնյայի դերը: «Հոսանքները» հենց այնպես չեն ծնվում՝ դրանք արտացոլում, ձեւակերպում են ժողովրդի որոշակի մասի մտածողության կարծրատիպերը՝ օրինակ, «հայը պետք է ավանդապաշտ լինի» կամ «ով քրիստոնյա չի, նա հայ չի»:

Ամենակարեւորն այն է, որ այդ երեք հոսանքների բանավեճում չկար «պետություն» հասկացությունը: Երկրորդն ու երրորդը մերժում էին առաջինի խավարամտությունը, բայց չէին հասկանում ճշմարիտ կրոնի էթիկական բաղադրիչը: Վստահ եմ, որ հայկական պետության հիմքը չի կարող լինել կղերականությունը կամ, առավել եւս՝ ֆեոդալիզմը, բայց չի կարող լինել նաեւ «անաստված» լուսավորչականությունը՝ Վոլտերի կամ Ռուսոյի ոճով:

Մեր պետության հիմքում պետք է ընկած լինեն էթիկական նորմերը, որոնք դավանում է քրիստոնեությունը՝ այդ թվում նաեւ սերը: Ոչ թե հեղափոխականների «սերը», որն ուղղված է միայն յուրայիններին, այլ այն Սերը, որի մասին խոսվում է Ավետարանում: Այսօր դա պարզունակ եւ միամիտ է թվում, բայց վստահ եմ՝ դա իրագործելի խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031