Բոլոր մարմինների թույլտվությունը ձեռքին` Լենա Ավետիսյանը չի կարողանում իր բնակարանը ջուր անցկացնել. ոչ ոստիկանությունն է օգնում, ոչ էլ քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները
80 տարեկանը բոլորած Լենա Ավետիսյանն այնքան ջուր է կրել՝ ուժասպառ է եղել: Ասում է` 22 տարի է՝ ջուր է կրում, ձեռքերը ցրտահարվել են, բայց էլ ուժ չունի անգամ խմելու ջուրը բերի: Եթե տարիներ առաջ, գոնե կենսունակ էր, կենցաղային խնդիրները հոգալու համար կարողանում էր բակի ցայտաղբյուրից ջուր բերել, հիմա արդեն ուժերը տեղի են տվել: Կինն ի վիճակի չէ ծանր դույլերը բարձրացնել: Տիկին Լենան միայնակ, անժառանգ թոշակառու է, ապրում է Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում: Այս հանրակացարանը նախկինում պատկանել է «Կանազ» գործարանին, սակայն 25 տարի առաջ գործարանի հաշվեկշռից դուրս է եկել: 1980 թվականին գործարանն այն իրացրել է եւ հիմնական բնակիչներին վերաբնակեցրել: Լենա Ավետիսյանն այստեղ է տեղափոխվել 87 թվականին: Տիկին Ավետիսյանը մեկ այլ հիմնարկում տան համար հերթագրված է եղել եւ բնակվելու տեղ չունենալու պատճառով, այս հանրակացարանում ապրելով, սպասել է իր բնակարանին: Սակայն խորհրդային կարգերի փոփոխման հետեւանքով տունն այդպես էլ չի ստացել եւ մնացել է հանրակացարանում` առանց ապրելու համար բարվոք պայմանների:
Եռահարկ շենքը վերից վար բնակեցված է` չնայած որ 4-րդ կարգի վթարային է: Բնակիչների խոսքով՝ շենքում ամրացման ոչ մի աշխատանք չի կատարվել, սակայն երկու տարի առաջ շենքի կարգը, չգիտես ինչպես, փոխվել է` 4-րդից դարձել 3-րդ: Սովորաբար` կարգը փոխվում է, երբ շենքն ամրացվում է:
Կարդացեք նաև
Վթարային շենքը տասնյակ տարիներ զուրկ է նաեւ տարրական կենցաղային պայմաններից. ոչ ջուր է ունեցել, ոչ գազ: Բնակիչները երկար տարիներ բակի ցայտաղբյուրի «բաժանորդ» են եղել: Սակայն ոմանք կարողացել են իրենց բնակարաններում ջուր քաշել:
Տիկին Լենային միայն հաջողվել է խողովակները, լվացարանն ու այլ պարագաները գնել, սակայն ջուրը բնակարան հասցնել չի կարողացել: Նրա հարեւանը դեմ է, որպեսզի Լենա Ավետիսյանի սենյակում ջուր անցկացվի` չնայած, որ հարեւանն իր բնակարանը «ջրաֆիկացրել» է: Միայնակ կինն էլ ոչ մի օգնող չունի, որպեսզի թիկունք կանգնի` գործն ավարտին հասցնի: Հենց փորձում է աշխատանքներ իրականացնել, հարեւանը տարեց կնոջը սպառնում է, կռիվ-պատերազմ է սարքում:
Փոխարենը Լենա Ավետիսյանը մեծ չարչարանքների ու տարիներով դռնեդուռ ընկնելու գնով բոլոր կառույցների թույլտվություններն ունի: Վարչական շրջանի, Երեւանի քաղաքապետարանի տված փաստաթղթերում չեն առարկում, որպեսզի ջուրը հասնի Լենա Ավետիսյանի բնակարան: Ջրամատակարար ընկերությունը` Վեոլիա ջուրը նույնպես դեմ չէ. տեխնիկական պայման է տվել, թե ինչ տարբերակով է հնարավոր ջուր անցկացնել:
Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո Լենա Ավետիսյանը կրկին դիմել է լիազոր մարմիններին` Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչություն, վարչական շրջանի ղեկավարին, Արաբկիրի ոստիկանություն: Քաղաքապետարանից ու վարչական շրջանից կրկին հավաստիացրել են, որ առարկություններ չունեն, սակայն ոստիկանությունը գործն իր վրայից գցել է, չի ցանկացել որեւէ կերպ տարեց կնոջն աջակցել, դատարանի տեղն է մատնացույց արել:
Լենա Ավետիսյանի փաստաբանը կրկին դիմել է Երեւանի քաղաքապետարան` տրամադրելով նաեւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն, առայժմ դրական տեղաշարժ չկա, որ կնոջ ջրի հարցը կլուծվի:
Փաստաբանի խոսքով, տարիներ ի վեր տիկին Լենան չի կարողանում ջրի հարցը լուծել, եւս մի քանի տարի կորցնել դատարանների վրա, ուղղակի անիմաստ է, հատկապես, որ կինն արդեն ուժասպառ է: Նրա խոսքով, միայն հարեւանի քմահաճույքով հարցին լուծում չտալը պարզապես խոսում է ոստիկանության, վարչական շրջանի եւ քաղաքապետարանի անգործության մասին. «Ոչ ոք ոչինչ չի ուզում անել, մեկը մյուսի վրա է գցում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
17.07.2019