Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական նուրբ ակնարկներ Բաթումում

Հուլիս 18,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Տուսկը վերհիշեց Պուտինի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը

Երեւանից հուլիսի 11-ին Դոնալդ Տուսկը ուղեւորվեց վրացական Բաթում, որտեղ կայացավ Եվրամիության Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովը, որը նվիրված էր վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաեւ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։

Բաթումի համաժողովին շուրջ 400 մարդ էր մասնակցում. Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների, եվրոպական երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ, գործարարներ: Հայաստանից համաժողովին մասնակցում էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկը անհիմն համարեց ռուսական ավիաընկերությունների վրա դրված արգելքը՝ չվերթներ չկատարել Վրաստան: Համաժողովի իր ելույթում Դոնալդ Տուսկը հակադարձեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տարիներ առաջ արած հայտարարությանը, թե նախկին Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աղետն էր. «Վրաստանում այսօր ես ցանկանում եմ բարձրաձայն եւ հստակ ասել՝ Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աշխարհաքաղաքական աղետ չէր, դա օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ամբողջ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ ռուսների համար»:

Վրաստանի իշխանություններն ընդգծելով եվրոպական ընտանիքին ինտեգրվելու իրենց աներկբա ձգտումները՝ անդրադարձել էին Վրաստանի ամենացավոտ՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդրին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ երկրի ամբողջականությունը վերականգնելու համար Վրաստանը Եվրամիության օգնության, աջակցության կարիքն ունի: Նա նկատել էր, որ Ռուսաստանի հետ նոր լարվածությունը փաստում է այն մասին, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է եւ չի նպաստում երկարատեւ կայունությանը: Իսկ խնդրի լուծումը, Վրաստանի օկուպացիայի լուծումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: Զուրաբիշվիլին նկատել էր, որ Վրաստանը խաղաղասեր երկիր է, 2008թ. պատերազմից հետո էլ բարյացակամ հյուրընկալում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին:

Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաժողովն առանձնահատուկ է նրանով, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ներդրումային առաջին համաժողովն է: Վեց երկրների ամենատարբեր ոլորտներից ծրագրեր են ներկայացրել՝ ակնկալիքով, որ դրանք կարժանանան եվրոպական երկրների, Եվրամիության աջակցությանը, հնարավոր կլինի ներդրումների միջոցով դրանք իրագործել:

«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է»

Հուլիսի 11-ին Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Արեւելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։

Մնացականյանը նկատեց, որ Արեւելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարեւանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է: «Դրանք մեր ընդհանուր արժեքներն են. արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»։

Մնացականյանը կարեւորեց հանրային կառույցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նրա խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ եւ ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարության կառուցման գործում կարեւոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում: «Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին եւ մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը եւ կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների եւ մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»,- իր խոսքում նշեց Զոհրաբ Մնացականյանն՝ արձանագրելով, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է եւ ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:

Նա ընդգծեց, որ 2018թ. կարեւոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին եւ որեւէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ. իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով. «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»:

Արեւելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Մնացականյանն անդրադարձավ նաեւ Թուրքիային. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: Մնացականյանը հույս հայտնեց, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, եւ ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:

Ի դեպ, իր պաշտոնից առաջիկայում հեռացող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հարավկովկասյան երկրներ այցելությունից հետո ֆեյսբուքյան իր էջում որպես գլխավոր նկար տեղադրել էր Հայաստանի Նորատուս համայնքի խաչքարերի համալիրում արված լուսանկարը: «Հայաստանը եվրոպական ընտանիքի ու մշակույթի բաղկացուցիչ մասն է: Անկեղծ մարդկանց վայր, որոնք արժեւորում են ազատությունը: Սեւանավանքը հուշարձան է, որը վկայում է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա հետքի մասին», – գրել էր նա՝ հրապարակել մի քանի լուսանկարներ Սեւանավանքում ու Նորատուսի խաչքարերի համալիրում:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031