Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր խաղաքարտերը իշխող քաղաքական ուժի ձեռքում են, չեմ տեսնում անկախության մասին խոսակցության որեւէ հիմք»

Հուլիս 18,2019 14:00

Ըստ Ռուբեն Մելիքյանի, մեր իշխանությունները միայն քաղաքական տեսանկյունից են հարցերը դիտարկում, ստեղծելով, ոչ թե «ստեղծարար», այլ «քանդարար» նախադեպ:

Իշխանությունները մեկ ասում էին, որ վեթթինգի նախագիծ են պատրաստում, հետո ասացին, որ վեթթինգ պետք է իրականացնի ԲԴԽ-ն: «Առավոտի» հետ զրույցում Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ ասաց. «Սա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները չունեն հայեցակարգ այս հարցում եւ նրանց հանրային վարքագիծը պայմանավորված է օրվա հրամայականով, այդ թվում նաեւ կոնկրետ այսօր արդեն կարելի է վստահաբար ասել քրեական գործերի ընթացքի հետ է պայմանավորված եւ երկրորդը՝ իշխող քաղաքական ուժը մեծ հաշվով երբեք վեթթինգը կամ անցումային արդարադատությունը չի դիտել որպես գործիք՝ առաջին հերթին մեծացնելու արդարությունը եւ մեծացնելու վստահությունը, այլ, իմ պատկերացմամբ, այդ գաղափարախոսության հիմնական նպատակը եղել է դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն ստանալը, վերահսկելի դարձնելը, ես կասեի՝ դատական իշխանությունը վերցնելը»:
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է անկախ մարմինների ցանկը, հետեւաբար ասել, որ վեթթինգ կիրականացնի անկախ մարմինը, չենք կարող. «Միակ բանը, որ կարող է Սահմանադրությամբ ստեղծվել, այսպես կոչված ինքնավար մարմիններն են: Նրանց նախ անկախության երաշխիքներն են շատ ցածր, երկրորդը՝ դրանք այլ կերպ չեն կարող ձեւավորվել, բացի ԱԺ-ի կողմից, իսկ ԱԺ-ում մենք այսօր այնպիսի իրավիճակ ունենք, որ սահմանադրական շեմը իշխող քաղաքական ուժը հաղթահարում է ցանկացած պահի: Հնարավոր չէ ավելի բարձր շեմ նախատեսել, իսկ 3/5-ի շեմը հեշտությամբ հաղթահարում է: Ընդ որում, սովորաբար հաղթահարում է այն դեպքում, երբ դա հույժ կարեւոր է, բայց ինչպես վերջին ԲԴԽ անդամի քվեարկությունը ցույց տվեց, երբ ընթացքում տեսնում են, որ այնքան էլ անհրաժեշտ չի, նրանք կարող են այնպես անել, որ այդ շեմը չհաղթահարեն: Այսինքն, բոլոր խաղաքարտերը իշխող քաղաքական ուժի ձեռքում են: Այդ պայմաններում ես չեմ տեսնում անկախության մասին խոսակցության որեւէ հիմք»:

Նախկին իշխանությունների ժամանակ էլ պարբերաբար խոսվում էր դատարանների նկատմամբ վստահության պակասի, հասարակության ընկալման մասին, այսօր նոր իշխանությունները հավաստիացնում են, որ զանգովի արդարադատություն է եղել: Ռուբեն Մելիքյանն ասաց, որ հենց դրանից ինքը եզրակացրել է՝ այսօրվա իշխանությունները լավ չեն պատկերացնում դատական իշխանության իրական խնդիրները. «Եթե իրենց թվում է, որ դատավորները նստած՝ ինչ-որ մեկն իրենց զանգում է եւ հանձնարարություններ է տալիս, այդպես չի: Ես չեմ տեսել այդպիսի բան եւ եթե մենք խոսում ենք ներազդեցության մասին, դա բոլորովին այլ միջոցներով էր արվում եւ ոչ այդպես գռեհիկ ձեւով: Եվ դա կարող էր լինել այնպիսի փոքր քանակի գործերի դեպքում, որ որակ չէին կազմում: Ես կարծում եմ, որ ներազդեցության խնդիրը եղել է, բայց դա չի եղել ուղղակի, դա եղել է առավելապես անուղղակի միջոցներով: Դա եղել է ավելի շատ այնպես, ինչ այսօր կա՝ այնպես անել, որ դատավորները հասկանան, թե որն է գործող իշխանության համար ցանկալի ակտը: Նույն բանն էլ այսօր անում է ներկայիս իշխող քաղաքական ուժը»:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ վստահության վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, դրանց մի մասը օբյեկտիվ են, եթե դրանք չվերանան, երբեք վստահությունը չի վերականգնվի. «Օբյեկտիվ գործոն համար մեկ՝ գործերը քննվում են շատ-շատ երկար՝ տարբեր պատճառներով՝ դատավորների թվաքանակ, օրենքներով նախատեսված ձեւական ընթացակարգերի առատություն, հաճախ նաեւ փաստաբանների ստրատեգիա՝ ձգձգելու գործընթացը: Երկրորդը՝ դատարանների վստահության վրա որպես օբյեկտիվ գործոն ամբողջ աշխարհում նաեւ այն է, որ կողմերից մեկը միշտ պարտվում է: Եթե դու գործ ունես գործադիր իշխանության հետ, մարդիկ հակված են քեզնից շնորհակալություն հայտնել, որովհետեւ դու պետական բյուջեի հաշվին մեկի խնդիրը լուծում ես: Դատական իշխանության դեպքում միշտ մի կողմը դժգոհ է լինում, առնվազն մի կողմը: Եթե գործը երկար է տեւում, անգամ հաղթող կողմը չի ստանում բավարարում, որովհետեւ ուշացած արդարադատությունը հաճախ հավասար է չիրականացած արդարադատությանը: Հաջորդ խնդիրն այն է, որ իշխող քաղաքական ուժը եւ պաշտոնատար անձինք իրենց գործողություններով, իրենց հայտարարություններով են նվազեցնում դատական իշխանության վստահությունը: Առողջապահության նախարարի հայտնի ֆեյսբուքյան գրառումը իր պարտված գործով դրա լավ օրինակն է: Մենք չունենք խնդիրների ընկալում անգամ փորձագիտական մակարդակում եւ քանի դեռ մեր իշխանությունները չեն սկսել գործընթաց՝ իսկապես հասկանալու խնդիրները, ոչ մի լավ տեղ այս ամենը չի հասցնի»:

Սահմանադրական դատարանը բավականին լուրջ լծակ է, որը տարբեր իշխանությունների ժամանակ, դա ցույց են տվել նաեւ հետընտրական գործընթացներում ՍԴ-ի կայացրած որոշումները, օգտագործվել է իշխանությունների կողմից: Ուստի մեր հարցին՝ հիմա, ըստ ձեզ, այդ լծակը ներկայիս իշխանություններն իրենցով անելու իրավական որեւէ ճանապարհ չունե՞ն՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Եթե իրավական ճանապարհ ունենային, ապա հակաիրավական ճանապարհ չէին ընտրի: Իհարկե, իրավական ճանապարհ չէր կարող լինել, որովհետեւ Սահմանադրությունը երաշխիքներ է սահմանում: ԱՄՆ-ում դեռ 230 տարի առաջ մարդիկ այս հարցի մասին մտածում էին, թե ինչպես պետք է անեն, որ գերագույն դատարանի դատավորները, որը համարժեք է մեր ՍԴ դատավորներին, որեւէ քաղաքական ուժի ազդեցության տակ չընկնեն: Եվ որոշեցին, որ մարդիկ պետք է ցմահ պաշտոնավարեն՝ համակերպվելով այն ռիսկին, որ ցմահ պաշտոնավարման ընթացքում մարդիկ կարող են ավելի լավ իրենց գործը չանեն: Բայց լավ ու վատ անելու խնդիրը չէ: Խնդիրն այն է, որ կան կարմիր գծեր՝ եթե անձը հանցագործություն է կատարում, ակնհայտ ապօրինի որոշում է կայացնում, ապա կան մեխանիզմներ: ՍԴ-ի պարագայում՝ ոչ, բայց ընդհանուր իրավասության դատարանների պարագայում կիրառվում է: Պետք է ունենա՞նք մի մարմին, որի որոշումները բոլորս հարգենք՝ որպես Սահմանադրության վերջնական մեկնաբանում: Չի կարող լինել այլ մարմին, քան ՍԴ-ն է: Տեսականորեն չի կարող լինել նման բան իրավական պետությունում: Իսկ եթե մեր իշխանություններն ուզում են, որ մեր պետությունը այլ ճանապարհով գնա, լինելու են մարդիկ, որ դրան հակազդելու են: Մեր իշխանությունները քաղաքական տեսանկյունից են հարցերը դիտարկում, բայց քաղաքական նկատառումները, որոնք իրենց տեղն ունեն, միակ նկատառումը չեն: Կա նաեւ պետական նկատառում: Այս նախադեպը կարող է տասնամյակներ մեր սերունդների համար պրոբլեմ լինել: Սա ստեղծարար նախադեպ չէ, քանդարար նախադեպ է, ինչն ուզում են ձեւավորել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ օրաթերթ», 

17.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031