Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրույն՝ վիրահատվել է։
Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար:
Մյուս տուժածը՝ 16-ամյա աղջիկը ևս շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել էր, այս պահին պլանային բուժում է ստանում: Կյանքին վտանգ չի սպառնում։
Նույն վթարից երրորդ տուժածը՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Հիշեցնեմ՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։