Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մշակվում է նոր օրենք․ ի՞նչ կտա այն երիտասարդներին

Հուլիս 17,2019 23:40

Հայաստանում մշակվում է «Երիտասարդության մասին օրենք»-ի նախագիծ ու վերանայվում է երիտասարդական ազգային քաղաքականությունը․ այն համապատասխանեցվում է Եվրոպայի Խորհրդի երիտասարդական ռազմավարության չափանիշներին ու նորմերին։ Այս հարցերում Հայաստանի իշխանություններին, մասնավորապես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը օժանդակելու նպատակով երկօրյա այցով մեր երկրում են Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբը։ Նրանք երեկ հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքում, իսկ այսօր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաջարկով ու հրավերով Գյումրում էին։

Եվրախորհրդի 5 հոգանոց պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի, երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ, այցելեց Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, շրջեց Գյումրու պատմական հատվածում։

Aravot.am-ը Եվրոպական խորհրդի երիտասարդական քաղաքականության վարչության ղեկավար Ֆլորիան Սեսկոնից հետաքրքրվեց, թե «Երիտասարդության մասին» օրենքը ինչո՞վ նպաստի երիտասարդներին բարեկեցիկ կյանքով ապրելուն։

«Օրենքի առկայությունը երկրում նախևառաջ երիտասարդների ժողովրդավար մասնակցությունն է, նրանց մասնակցությունն ու ներառումն է առհասարակ որոշումների կայացման գործընթացում։ Եվ երիտասարդը երկրի համար դիտարկվում է որպես կարևոր, առաջնահերթ, և դա լինում է օրենքով ամրագրված»,-ասաց Ֆլորիան Սեսկոնին։

Մեր զրուցակցի տպավորությամբ, Հայաստանում երիտասարդները շատ ակտիվ ու ոգևորված են որոշումների ընդունման գործընթացում մասնակցելու առումով։

Ֆլորիան Սեսկոնը նաև տեղեկացրեց, որ Եվրախորհրդի փորձագիտական խումբն իր առաքելությունը կավարտի սեպտեմբերին, և հաշվետվությունների ու առաջարկությունների փաթեթ կներկայացնի Հայաստանի կառավարությանը։

«Հուսով ենք, որ դրանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը շատ արագ կարձագանքի և մեր առաջարկությունները կօգտագործի հետագա քայլեր համար։Կարծում եմ, որ սեպտեմբերից հետո ավելի լուրջ աշխատանք կա անելու», -ասաց Եվրախորհրդի ներկայացուցիչը։

Եվրախորհրդի պատվիրակությանը ուղեկցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երիտասարդական քաղաքականության բնագավառում կա կանոնակարգման խնդիր։

«Արվում են տարատեսակ ծրագրեր, միջոցառումներ, բայց չկա կանոնակարգում, չկա հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, ինչի համար ենք այս ամենն անում։ «Երիտասարդության մասին» օրենքը մեզ թույլ կտա կանոնակարգումներ մտցնել, պատահական չէ, որ Եվրոպայի Խորհուրդը հատուկ առաքելությամբ պատվիրակություն է գործուղել Հայաստան այս հարցում մեզ աջակցություն ցույց տալու համար։ Իրենք զեկույցում կնշեն այն հիմնական ուղղությունները, որոնք կլինեն մեր ուշադրության կենտրոնում։ Կոնկրետ ես կարող եմ առանձնացնել մի քանի գլոբալ խնդիրներ․ հատկապես երիտասարդների սոցիալական պաշտպանվածության մասով, աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մասով, ոչ ֆորմալ կրթության մասով։ Այսինքն՝ այս բոլոր ուղղություններով մենք տեսնում ենք բազմաթիվ անելիքներ ու օրենքն ու մշակվող ռազմավարությունը փորձելու են ծածկել այս խնդիրները, լուծել, կանոնակարգում ունենալ ոլորտում, երիտասարդների համար ստեղծել զարգացման, ինքնազարգացման ամենահարմար ու լավ պայմանները», -ասաց փոխնախարարը։

Թե ո՞րն է հայ երիտասարդների համար ամենամեծ խնդիրը, գործազրկությո՞ւնը, փոխնախարարը դժվարացավ առանձնացնել, սակայն, ըստ նրա, բուհն ավատելուց հետո կա երիտասարդին աշխատանքի տեղավորելու խնդիր, ըստ նրա, երբեմն աշխատանքային իրավունքներն են ոտնահարվում, չկան երիտասարդներ մասնագետներին խրախուսելու մեխանիզմներ, ու այս ամենը փուլ առ փուլ պիտի կատարել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031