Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ «պատերի տակ վնգստացող» համակարգի ու Քոչարյանի՝ քաղբանտարկյալ չլինելու մասին

Հուլիս 17,2019 22:40

«Ազատություն» TV-ի ուղիղ եթերում խոսելով ՍԴ լիազորությունների եւ այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության սահմանադրական լինել-չլինելու մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.«Ինձ համար էական չէ, թե առաջին ատյանի, վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանը, Սահմանադրական դատարանը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով: Ինձ համար ամենակարեւոր քաղաքական խնդիրն այն է, որ երբ որ որեւէ դատարանը որոշում կայացնի, մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն: Ասենք, որ մեր դատարանը կայացրել է այսպիսի որոշում:

Դատական համակարգի պրոբլեմն այն չէ, որ ինքը կայացնում է այսպիսի կամ այնպիսի որոշում, պրոբլեմն այն է, որ նրա կայացրած որոշումներին չեն վստահում: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել, մեկ եւ կես տարվա ընթացքում դա իմ ամենամեծ պրոբլեմն է, որովհետեւ երբ դատարանը որոշում է ինչ-որ մեկին կալանավորել, մամուլը, սոցիալական ցանցերը, բոլորը քննարկում են, թե վարչապետն ինչո՞ւ որոշեց էս մեկին կալանավորել, էս ի՞նչ հաշվարկ էր: Ոչ մեկ չի մտածում, որ այդ որոշումը վարչապետը չի կայացնում:

Կամ երբ մեկին որոշում են ազատ արձակել, սկսվում է՝ էս ի՛նչ գործարք էր վարչապետն ու խորհրդարանական մեծամասնությունը էս ում հետ ինչ են պայմանավորվել… Մեր խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ: Վարչապետ ընտրվելուց հետո ես ասել եմ, որ դատական համակարգի գործերին չեմ միջամտելու, պետք է լինի դատական համակարգի անկախություն, բայց մի տարի հետո պարզվում է, որ դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում ու ման է գալիս՝ ո՞վ կարող է տեր դառնալ իրեն:

Չեմ բացառում, որ նույնիսկ Հայաստանից դուրս են գնում տեր փնտրում՝ մենք անտեր ենք, սովորել ենք, որ մեր գլխին տեր լինի, փետով մեր գլխին տա, երբ որ մեր գլխին փետով չի տալիս, մենք մեզ անտեր ենք զգում…Այսպիսի դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվելուց եւ ազատ արձակելուց հետո դատարանների մուտքերը փակելու Փաշինյանի կոչին էլ անդրադարձ եղավ:

«Դա սիմվոլիկ ակցիա էր երկու բան ցույց տալու համար՝ որ ժողովուրդ ջան, բավական է ասեք, թե ինչու ես որոշեցի էս մեկին բաց թողել, մյուսին բռնել, եւ ցույց տալ, որ չի կարող լինել այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում: Ես չեմ ուզում կրել այդ պատասխանատվությունը…Ինչու պետք է ամեն անգամ դատական համակարգի ցանկացած որոշումից հետո քննարկեն, թե ես ինչ գործարքների եմ գնում կուլիսներում…

Հիմա վերեւ բարձրանանք, թե իջնենք, ջղայնանաք, թե ժպտանք, այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում եք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք…Բա չորս հարյուր հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր, էն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»,-նշեց Փաշինյանը:

Նա նաեւ չբացառեց, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք նոր արժեքների կրողն են, պարզապես այսօր թացը չորի հետ է խառնվել

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին որոշ պնդումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճզմել տանկերի թրթուրների տակ: Իսկ եթե նման իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել:

Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն դա նշանակում է ասում ենք՝ մեզ մոտ, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք, կմտցնենք Երեւան քաղաք: Շատ պարզ տրամաբանություն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հեշտ կլիներ, եթե հարցը վերաբերվեր միայն դատական համակարգին,բայց ոչ դա կապ է որտեղ 3 մլն ժողովուրդ՛լինելով բարեկամական կապերով կապված շահագործում են իրար: Երկրի Նախագահ,Վարչապետ, Ազգային ժողով,Քննչական,ԱԱԾ,Դատախազություն,Դատարան: Գործերին խառնված են նշված կառույցների գոնե մեկ անդամ և լուծում չկա,բայց կա մի այլ գաղափար <> .հանցագործը ունի լծակներ և նորից շղթան է գործում,իսկ օրեքը անպաշտպան:Եթե կասկածում եք՛ Ձեր իսկ պետկան Վերահսկողության ծառայությանը հարցրեք: Հարցը աշխատավարձը չէ՛ այլ նրա գոյացման աղբյուը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031