Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է վերջին շաբաթներին խնդրո առարկա հանդիսացող Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին, ինչը ներկայացնում ենք Ձեզ:
Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ և քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են հիշատակված ցենզերը, ընդգծված կարևորություն է տրվում դրանց միաժամանակյա պահպանմանը, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններում, քանի որ նախագահի ընտրությունները անց են կացվում ուղղակի ընտրություններով: Հանրահայտ է, որ երկրի նախագահը պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության համար և հիշատակված ցենզերից որևէ մեկի խախտման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում իրավական և քաղաքական դաշտում: Նման փոփոխության դեպքում, եթե ՀՀ քաղաքացին ստանում է ընտրվելու իրավունք, ապա նա միաժամանակ պետք է ստանա նաև ընտրելու իրավունք: Սրանք միմյանց հակասող թեզեր են և չեն դիմանում որևէ քննադատության:
Ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ստանում են Արցախում տեղի ունեցող բոլոր ընտրություններին քվեարկության տեսքով ընտրելու իրավունք, սակայն այդ նորմը չի գործելու Արցախի ընտրողների համար: Իր պետականությունը հարգող և կարևորող որևէ երկրի օրենսդիր մարմին իրավունք չի վերապահի իրեն դառնալ նման հակասությունների սկզբնաղբյուր: Եթե, այնուամենայնիվ, Արցախի Սահմանադրության մեջ նման փոփոխության անհրաժեշտություն է ծագել, ինչն անչափ կասկածելի է, ուրեմն նմանատիպ համաժամանակյա փոփոխություններ պետք է իրականացվեն նաև ՀՀ Սահմանադրության մեջ: ՀՀ-ում պատրա՞ստ են արդյոք նման քայլի: Հազիվ թե, քանի որ այն բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում: Այնպես որ միայն պասիվ իրավունքով վերապահումը նույնպես իր մեջ պարունակում է իրավախախտումներ, քանի որ տվյալ թեկնածուն՝ ում տրվել է ընտրվելու իրավունք, զրկված է մնում անգամ իր օգտին քվեարկելու իրավունքից:
Օրենսդրի կողմից քաղաքացիության ցենզի սահմանումը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիության առանձնահատկությունն այն է, որ տվյալ պետության քաղաքացին հանրային իրավունքի բնագավառում պետության հետ իրավահարաբերություններում հանդես չի գալիս միայն որպես պետության ինքնիշխանության ազդեցության օբյեկտ, այլ դիտվում է որպես պետության ինքնիշխանության մասնակից, օժտված լինելով անհրաժեշտ իրավունքներով: Քաղաքացիության արդյունքում անձը մի կողմից գտնվում է իր պետության իրավազորության ներքո, և անվերապահորեն ենթարկվում է ինքնիշխանությանը, իսկ մյուս կողմից՝ պետությունը ճանաչում և ապահովում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու / ընտրելու և ընտրվելու/ և հանրաքվեին մասնակցելու իրավունքը:
Կարդացեք նաև
Քաղաքական առումով մենք յուրաքանչյուր քայլափոխի ընդգծելով Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավասու պետության կարևորությունը, այս տեսանկյունից դիտարկելով հարցը, մեզ անհրաժեշտ է առավել ևս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա, ինչը նույնպես պետականության անհրաժեշտ ատրիբուտներից է:
Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Լավ է, երբ ՀՀ-ից կամ ԼՂՀ-ից պատեհ-անպատեհ հղում են կատարում առաջադեմ երկրների փորձին, բայց նաև հարկ է հիշել, որ այդ երկրների առաջադիմության խթաններից մեկն էլ նա է, որ առաջադեմ երկրներում պաշտոն, հատկապես՝ բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնում են միայն բարձրագույն կրթությամբ, լեզուներ իմացող, չափազանց գրագետ և մշտապես իրենց մտավոր և ֆիզիկական զարգացման վրա աշխատող բարձրակարգ մասնագետներ։ Իսկ մյուսները անում են այն գործը, որը համապատասխանում է իրենց մտավոր ունակություններին։