Հայաստանի Հանրապետությունը ստացավ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վեթինգի վերաբերյալ և մենք կրկին արեցինք այն հետևությունները, որոնք ձեռնտու էին: Նախկինները՝ այսպես կոչված ներկայիս ընդդիմությունը, կարդաց և ասաց. «այ տեսնում ե՞ք, Վենետիկը դեմ է վեթինգին և ասում է, որ դատավորների վեթինգը ոչ միայն օգուտ չի տա, այլ նաև կվնասի դատական համակարգին», իսկ ներկայիս իշխանություններն ասացին. «շատ հաճախ Վենետիկի հանձնաժողովը սխալվում է և, ծանոթ չլինելով մեր իրականությանը, տվել է ընդհանուր բնույթի խորհրդատվություն, որը պարտադիր չէ մեզ համար»:
Այսպիսով, հայկական սովորույթի համաձայն մենք կրկին ու կրկին գնում ենք մեր շահի հետևից, չնկատելով իմաստը, միգուցե չցանկանալով իրական հետևություն անել այդ խորհրդատվական ենթատեքստից, որը բացահայտ ճչում է՝ հարգելինե՛րս, ձեր բռնած ճանապարհը սխալ է, այն ոչ միայն չի բարելավի դատական համակարգում տիրող իրավիճակը, այլ նաև կվատթարացնի: Այսինքն ոչ թե Վեթինգը մեզ պետք չի, այլ քաղաքականացված վեթինգն է անընդունելի: Եվ կամք է հարկավոր, որպեսզի իրականացնել այն, ինչ քաղաքականապես ձեռնտու չէ իշխանության օրոք, սակայն ձեռք կտա, երբ դառնաք ընդդիմություն և հայցեք դատարանների և իրավապահ մարմինների անաչառությունը, իսկ քանի դեռ քաղաքական գործիչներն են որոշում դատական և իրավապահ մարմինների ճակատագիրը, վերջիններս անելու են այն, ինչ իրենցից սպասում են իշխանությունները և երրորդ իշխանության անկախության մասին խոսք լինել չի կարող: Նույնիսկ նրանց աշխատավարձերը աստղաբաշխական թվերի հասցնելու դեպքում այդ խնդիրը չի լուծվի, քանի որ դատավորները նայելու են իրենց աշխատանք տված ուժերի դեմքին և փորձելու են գուշակել, թե ինչ են կամենում տերերը և միայն դրանից հետո են քրքրելու օրենսգրքերը, որպեսզի կայացնեն քաղաքական իշխանության կամքին հաճո որոշումներ` գործող օրենսդրության սահմաններում:
Ես ամենևին էլ չեմ ասում, որ պետք չէ դատավորների աշխատավարձերը բարձրացնել, ընդհակառակը՝ համոզված եմ, որ դա անհրաժեշտություն է, սակայն խնդրում եմ նայել նախկին և ներկա բոլոր Սահմանադրություններում դատական իշխանությունների վերաբերյալ տողերը: Դա երրորդ անկախ իշխանության թևն է և այն պետք է գործի անկախ քաղաքական իշխանություններից, որպեսզի ուժ ունենա հակադարձել անօրինականությանը՝ անկախ նրանից, թե ով է անօրենը: Այո, ներկայիս իշխանությունը բացարձակ լեգիտիմ է, մենք նրանց ընտրել ենք և տվել բացառիկ վստահության մանդատ, որն իրոք հպարտանալու առիթ է, սակայն նույնիսկ այս գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ձևավորելու երրորդ իշխանությունը, քանի որ այն ակամայից կդառնա նրա կամքի արտահայտողը և երբեք չի իրականացնի իր գործառույթները և չի կարող բարձրացնել իր նկատմամբ առկա բացարձակ անբավարար վստահությունը: Ուստի ևս մեկ անգամ թույլ տվեք կրկնել իմ նախկին հոդվածներում բարձրացրած միտքը, որ վեթինգ պետք է իրականացնեն քաղաքականությամբ չզբաղվող, համաժողովրդական ընտրությունների արդյունքում ՀՀ-ի յուրաքանչյուր մարզից հինգ տարի ժամկետով ընտրված մեկական իրավաբան ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամները: /Առավոտ օրաթերթ՝ Խղճի դատարան, 12.06.2019թ.,
Ահա թե ինչ էր իրականում գրված Վենետիկի հանձնաժողովի հայտարարության ենթատեքստում: Սա այն իրականությունն է, որի մասին չեն խոսում նույնիսկ ընդդիմադիրները, քանի որ հույս ունեն մի օր իշխանություն դառնալ, ուստի և ցանկալի է ունենալ ենթակա դատական և իրավապահ համակարգ, որպեսզի իշխանական առօրյան չբարդանա: Այստեղ ամենից կարևոր հարցն այն է, որքանով ենք մենք անկեղծ, երբ ի լուր հայության հայտարարում ենք, որ ցանկանում ենք ունենալ անաչառ դատարան, որն ի վիճակի կլինի վճիռներ կայացնել նույնիսկ մեր կամքին հակառակ և օրենքի ու արդարության ոգուն համահունչ՝ երբ «Հանուն Հայաստանի Հանրապետության» խոսքերը լոկ առոգանությամբ ընթերցված խոսքեր չեն լինի:
Կարդացեք նաև
Ժիրայր Հակոբյան