«Ես ինքս ինձանից գոհ չեմ, եթե ինքս ինձանից գոհ չեմ, ուրիշ որեւէ մեկից գոհ լինել չեմ կարող»,- «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հրայր Թամրազյանի այն հարցին՝ արդյոք գո՞հ է ԱԺ-ի իր թիմակիցներից:
«Նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են տարբեր առիթներով, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա ինչ-որ առումով վատ է, որովհետեւ երբեմն դեմոտիվացնում է մարդկանց: Հիմա ես փորձում եմ դա հաղթահարել, արտահայտել իմ գոհունակությունը՝ մեր կոնկրետ գործընկերների որոշ գործողությունների կապակցությամբ, բայց, ընդհանուր առմամբ ես ինքս ինձանից գոհ չեմ, եւ երբեք գոհ չեմ լինի»,-հավելեց նա:
Վարչապետին նամակ ուղարկած Վահե Գրիգորյանի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին էլ անդրադարձ եղավ: Հարցին՝ ի վերջո ճգնաժամ տեսնո՞ւմ է, քանի որ Վենետիկի հանձնաժողովի ինչ-որ անդամներ որոշ վերապահումներ ունեն անդամ-դատավոր եզրույթների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. « Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, որովհետեւ ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018թ. տրանսֆորմացիայի շրջանում բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիային եւ զբաղված լինելով դրանով՝ գուցե մասնագիտական նրբությունների, գիտելիքների չիմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի այլ մանիպուլիացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում:
Երբ 2015թ սահմանադրական փոփոխություններ էին նախաձեռնվում, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է…Այո, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ եւ նոր Սահմանադրական դատարան, որովհետեւ Սահմանադրության տեքստի հեղինակներն, ըստ էության, պնդում էին, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած՝ իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասխանի մեր այսօրվա կարիքներին:
Կարդացեք նաև
Եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը ի վերջո ձեզ հայտնի հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետությունում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետեւ այդ Սահմանադրական դատարանը վավերացրել է 96թ-ից սկսած բոլոր ընտրակեղծիքները: Եվ ըստ էության, կա վստահության ճգնաժամ նաեւ Սահմանադրական դատարանի նկատմամբ»:
Վարչապետի խոսքերով. «Սահմանադրության տեքստի հեղինակներն ասում էին՝ ահա ժողովուրդ ջան, սա է Սահմանադրությունը եւ Սահմանադրական դատարանը պետք է լինի այսպիսին…ՍԴ դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ կամ մինչեւ վաթսունհինգ տարին, այլ տասներկու տարով: Երկրորդը՝ ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ՍԴ-ի կողմից՝ վեց տարի ժամկետով: Այսինքն, ամեն վեց տարին մեկ պետք է տեղի ունենա ՍԴ նախագահի փոփոխություն: Մենք այսօր ունե՞նք այնպիսի Սահմանադրական դատարան, որը համապատասխանի մեր այսօրվա գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին:Իհարկե չունենք…
Մենք չունենք այդ Սահմանադրական դատարանը, որովհետեւ նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց քառասուն օր առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պիտի պարզվեր ներիշխանական մի գործարքի եւ մանիպուլիացիայի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առեւտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի:
Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց քառասուն օր առաջ հրաժարական տվեց եւ նրա փոխարեն ընտրվեց ՍԴ անդամ, հետագայում նաեւ ՍԴ նախագահ առաջադրվեց եւ ընտրվեց ԱԺ-ի կողմից ՍԴ անդամ եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ նոր Սահմանադրությամբ նախատեսված էր, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ՍԴ-ն:
Քանի որ թուղթն էլ, գրիչն էլ իրենց ձեռքին էր՝ անցումային դրույթ են գրել՝ ովքեր ապրիլի իննից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում են 2005 թ կարգավորումները: Իսկ դա նշանակում է, որ նրանք ոչ թե տասներկու տարով են ընտրվում, այլ ցմահ են ընտրվում կամ մինչեւ վաթսունհինգ տարին: Նույնն էլ վերաբերում է ՍԴ նախագահին
Ստացվում է՝ ունենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, սակայն այդպիսի դատարան չենք կարող ունենալ մինչեւ առնվազն 2035թ., որովհետեւ, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքն այնպես է գրել այդ տեքստը՝ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչեւ 2035թ. մնա ՍԴ նախագահ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ