Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է:
Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ:
Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անունները:
Հուլիսի 17-ին, ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը այցելեցին պարեկապահակետային ծառայության գունդ:
Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանություն