Ֆուտբոլի լեգենդ, Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Նունու Գոմեշը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է: Այսօր նա այցելեց Ծիծեռնակաբերդ, Մեծ Եղեռնի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որից հետո լրագրողներին ասաց, որ Երեւան ժամանել է ընկերոջ՝ Խորեն Քալաշյանի հրավերով: Հանդիպելու է «Ֆիդ Քոնսթրաքթ» ընկերության հետ, որի հետ միասին նախատեսում են նոր համագործակցություն Պորտուգալիայի լիգայի եւ այլ կազմակերպությունների հետ: Եվ քանի որ Երեւանում անցկացվում է մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցում է նաեւ իր երկրի թիմը, անպայման ներկա է լինելու հանդիպումներին:
Պորտուգալացին նշեց հայերի շատ ջերմ ընդունելությունը: Նա շատ նմանություններ է տեսնում հայերի ու պորտուգալացիների միջեւ: Նունուն ընդհանուր առմամբ տեղյակ է հայկական ֆուտբոլին եւ պատրաստվում է այս կարճատեւ այցի ընթացքում ծանոթանալ նաեւ ենթակառուցվածքներին: «Հայաստանում կան տաղանդավոր պատանի ֆուտբոլիստներ եւ շատ կարեւոր է, որպեսզի մեծ ուշադրություն դարձվի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, որովհետեւ դա է ապագան եւ ազգային ու մյուս հավաքականների հաջող մրցելույթների հիմքը դրվում է մանկապատանեկան ֆուտբոլում»,- ասաց Նունու Գոմեշը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ուղղությամբ ամեն բան անում է:
Aravot.am-ի հարցին Ֆուտբոլի լեգենդը պատասխանեց, որ իր այս այցը Հայաստան ոչ պաշտոնական է, ուստի տեղյակ չէ, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմացե՞լ է իր ժամանման մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ