ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում երեկ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ընտանիքը՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 5 և 6 տարեկան դուստրերը, որոնք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից են, 2 ամիս է՝ ինչ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա ունեին։
Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանն Aravot.am-ին ասաց, որ Միշա Մկրտչյանի հայրն էր գնել «Ֆորդ»-ը որդու համար, տարել, հասցրել էր Կրասնոդար, որովհետև նրան աշխատանքի բերումով շատ անհրաժեշտ էր։
«Միշան վերջերս էր խանութ վարձակալել Կրասնոդարում ու աշխատեցնում էր, կնոջն ու երեխաներին էլ մի քանի օր առաջ էր կանչել հանգստանալու, բայց երբևէ մտադրություն չունեին ընտանիքով մշտապես տեղափոխվել, հաստատվել Ռուսաստանի Դաշնությունում։
Բացարձակ ցանկություն չունեին, իրենք գյուղում տուն-տեղ ունեն, նորմալ ապրում էին։ Բոլոր երիտասարդներն էլ ձգտում են լավ ապրելու, Միշան էլ ձգտվող, թասիբով, շնորհքով տղա էր, գնաց, իր համար թեթևակի գործ ստեղծեց ծովափնյա վայրում, խանութ էր վարձակալել։ Չես էլ կարող խոսել այս ողբերգությունից հետո, բերանդ չի բացվում։ Ավտոն էլ էս վերջերս էր իր հայրը գնել, տարավ, հասցրեց Կրասնոդար, որ գործերը հեշտանային, դե վերջը, շուկայի հետ կապված էր, մրգի խանութ էր սարքել։ Երևի մի երկու ամիս եղավ, որ մեքենան առել էին, էսպիսի դժբախտություն, էսպիսի ողբերգություն․․․», -սգում էր գյուղապետը։
Մովսես Մովսիսյանի տեղեկացմամբ, արդեն ճանապարհ են ընկել, ընտանիքի զոհված անդամներին տեղափոխում են Հայաստան։
Ինչպես տեղեկանում ենք, kubnews.ru-ի լրահոսից, «Ford» մակնիշի մեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ