Օգոստոս ամիսը հանգստյան ամենաթեժ սեզոնն է, ինչով էլ պայմանավորված թե ավիատոմսի գները, թե տուրփաթեթները ամենաթանկն են: Սակայն տուրօպերատորները հրապարակել են աշխարհի քարտեզի վրա ամենամատչելի հանգստավայրերը:
Այսպես՝ առաջատարը Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Իսպանիայի, Ղրիմի, Անապայի, Եգիպտոսի հանգստավայրերն են, որոնց ուղղությամբ տուրփաթեթներն ամենաշատն են վաճառվում:
Ըստ միջազգային տուրօպերատորների, այս հանգստավայրերում տասը օրը զբոսաշրջիկին արժենում է 700-800 դոլար՝ 4-5 աստղանի հյուրանոցում: Այս երկրներում՝ բացառությամբ Եգիպտոսի, Թուրքիայի, որոնց հանգստավայրերը հիմնականում առանձնացված են հյուրանոցային համալիրներով ու հանգստյան գոտիներով, հյուրատներն ավելի մատչելի ծառայություններ են մատուցում. նույն օրերի քանակությամբ, Բուլղարիայում, Վրաստանում, Սոչիում, Հունաստանում հյուրատուն կարելի է վարձել ավելի քիչ գումարով՝ 400-600 դոլարով:
Այս երկրները նաեւ հայտնի են մատչելի սննդով: Եթե հյուրանոցի փաթեթում սնունդը ներառված չէ, սննդի վրա քիչ գումար կարելի է ծախսել, սակայն համեղ սնվել մասնավորապես՝ Իսպանիայում, Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում: Ռուսաստանյան հանգստավայրերը այս առումով համեմատաբար թանկ ծառայություններ են մատուցում:
Ըստ տուրօպերատորների, վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը նաեւ Անապայի եւ Ղրիմի ուղղությամբ: Դեպի այս հանգստավայր տուրփաթեթները երկու անձի համար կազմում են 600-650 դոլար: Փոքր-ինչ պակաս՝ 550 դոլար դեպի Սոչի, կրկին երկու անձի համար:
Ըստ հրապարակված ցուցանիշների, դեպի Ղրիմ տուրիստական հոսքը այս տարի արդեն կազմել է 2,2 միլիոն մարդ,որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 11 տոկոսով ավելի է: Ի դեպ, այս թվաքանակից մոտ 200 հազարը Ղրիմ այցելել են Ուկրաինայից:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ