Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը փորձում է հարթել Ադրբեջանի հետ սրված հարաբերությունները. Բախտաձեն հայտարարություն է արել

Հուլիս 17,2019 18:07

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն ստիպված է եղել բացատրություն տալ և արդարանալ՝ կապված վրաց-ադրբեջանական միջազգային սահմանին Դավիդ Գարեջայի վանական համալիրի շուրջ հերթական միջադեպի հետ:

Ավելի վաղ Վրաստանի սահմանամերձ գյուղերից մի խումբ բնակիչներ փորձել էին անցնել սահմանը դեպի ադրբեջանական տարածքում գտնվող Ուդաբնո համալիր, չնայած Ադրբեջանի սահմանային ծառայության աշխատակիցների զգուշացումներին: Նշվում է, որ չնայած սահմանապահների նկատմամբ ֆիզիկական բռնությանը, վերջիններս չեն օգտագործել ո՛չ զենք, ո՛չ էլ ոչ մահաբեր հատուկ միջոցներ:

Սահմանն ապօրինի հատելու միջադեպը նկարահանվել է և տարածվել, ինչը տեղի որոշ լրատվամիջոցների հիմքեր է տալիս մտածելու, որ միջադեպը սադրանք է՝ ցույց տալու, որ երկու հարևանների միջև անհաղթահարելի վեճ կա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպան Պատարաձեից ոչ միայն բացատրություն է պահանջել, այլև պահանջել է հետագայում տեղյակ պահել՝ ինչ քայլեր են ձեռնարկել Վրաստանի իշխանությունները միջադեպի մասնակիցների նկատմամբ: Դիվանագիտական լեզվով ասած՝ դա նշանակում է, որ Բաքուն ուշիուշով հետևելու է Թբիլիսիի արձագանքին և քայլեր կձեռնարկի արդեն այն բանից հետո, երբ կգնահատի Վրաստանի իշխանությունների արձագանքը: Առայժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն սահմանափակվել է միայն գրավոր բացատրությամբ՝ չդիմելով առավել կոշտ դիվանագիտական միջոցների:

Երկու երկրների սահմանային գերատեսչությունների բանակցությունների արդյունքում որոշվել է ժամանակավորապես (առայժմ մեկ շաբաթով) փակել այդ հատվածում վրաց-ադրբեջանական սահմանը: Այդպիսով, մի քանի օր Վրաստանի տարածքով չի թույլատրվի անցնել Ուդաբնո մենաստան, ընդ որում այդ պայմանավորվածության երաշխավորներ հանդես են գալու հենց վրացի սահմանապահները, չնայած ազգայնականների դժգոհություններին:

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ նշելով, որ սահմանազատման հարգերով վրաց-ադրբեջանական հանձնաժողովը կշարունակի աշխատանքը առաջիկա շաբաթներին:

«Հանձնաժողովն առաջիկա շաբաթներին կվերականգնի աշխատանքը, և բնականաբար, մենք հաշվետվություն ունենք հանձնաժողովի հանդիպման մասին, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ համապատասխան գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով կապ են պահպանում Ադրբեջանի գործընկերների հետ»,- ասել է նա:

Վրաց-ադրբեջանական սահմանի գծանշման և սահմանազատման հանձնաժողովն իր աշխատանքները վերսկսել է ութ տարվա ընդմիջումից հետո: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 23-24-ին Բաքվում, հաջորդ նիստը նախատեսվում է Թբիլիսիում: Այս պահին երկու երկրների փորձագետները տեղերում ուսումնասիրում են վիճելի հատվածները:

«Ես ցանկանում եմ դիմել բոլորին. սա շատ զգայուն հարց է, և ես կոչ եմ անում բոլորին՝ հնարավորություն տալ հանձնաժողովին և մյուս գերատեսչություններին խնդիրը լուծել աշխատանքային ռեժիմով»,- ասել է Բախտաձեն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031