Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր Մարինե Ղազարյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել եւ տեխնիկական գիտությունների թեկնածու դառնալ: Aravot.am-ի տեղեկություններով, բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը ցանկանում է իր ղեկավարած թիվ 30 «Շինարարություն» մասնագիտական խորհրդի միջոցով թեկնածուի գիտական աստիճան հաջողեցնել իր ենթակայի համար:
Սակայն, «խաղաքարտերը» խառնվել են, երբ Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի» համաձայն` հաստատել է տեխնիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Արկադի Բարխուդարյանին, Ռազմիկ Փետեոտյանին եւ Հովհաննես Թոքմաջյանին: Վերջինս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտորն է:
Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգով` հայցորդն ատենախոսությունը պետք է ներկայացնի գիտական քարտուղարին: Նաեւ ատենախոսության նախնական քննարկման դրական եզրակացության եւ ատենախոսության մասնագիտությանը համապատասխան խորհրդի կազմի առկայության դեպքում ատենախոսության պաշտպանությունն իրականացվում է այդ խորհրդի կազմով:
Նույն կարգի համաձայն, գիտական քարտուղարը պետք է մասնագետներին ուղարկի ատենախոսությունը, որոնք 15 օրվա ընթացքում ատենախոսության վերաբերյալ եզրակացություններ պետք է ներկայացնեն: Մարինե Ղազարյանի դեպքում գիտական քարտուղար Էմիլ Խաչատրյանը նյութերը չի ուղարկել մասնագետներին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը գիտական քարտուղարից հետաքրքրվեց, թե որն է այդ ուշացման պատճառը:
«Պատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող: Պետք է ատենախոսը գա, միասին ուղարկենք, ինքը պետք է ուզենա ուղարկել»,-ասաց Էմիլ Խաչատրյանը: Հարցրինք` մի՞թե ատենախոսի ցանկությամբ է դա կատարվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես եմ ատենախոսության հեղինակը, կուզեմ` կուղարկեմ, կուզեմ` չեմ ուղարկի: Ես չեմ կարող մեջտեղ ընկնել, որպեսզի չմտածեն, թե շահագրգռություն ունեմ… Այնպես որ, ինքը կբերի ատենախոսությունը, կուղարկենք: Ես գործի մի մասն արել եմ, էլեկտրոնային տարբերակն ուղարկել եմ, մնացածն ատենախոսից է կախված»:
Մարինե Ղազարյանի հետ էլ կապվեցինք: Նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել: «Էդ ե՞րբվանից են ատենախոսությունների վերաբերյալ ժուռնալիստները սկսել մեկնաբանություններ ստանալ»,- ասաց նա: «Եթե գրագողության փաստ գտնեք իմ ատենախոսության մեջ, անպայման կգրեք»,-հեգնեց ատենախոսը:
Ի դեպ, նրանից կուզենայինք պարզել նաեւ, թե ինչու է համալսարանի գործուղումների մեծ մասն իրեն բաժին ընկնում, սակայն տիկին Ղազարյանը անջատեց հեռախոսը:
Aravot.am-ը Հովհաննես Թոքմաջյանի հետ էլ կապվեց ու հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնել ընդգրկվել այդ խորհրդի կազմում: Նա ասաց, որ որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ղեկավար՝ պատասխանատվություն է զգում տեղի ունեցող գործընթացների համար, բացի այդ, նրա խոսքերով, խնդիրը հանրային հնչեղություն ունի, եւ հետո նույն շիֆրով ինքն էլ է ժամանակին պաշտպանել, դրա համար էլ համաձայնել է:
«Եթե ամեն ինչ նորմալ լինի՝ մենք բարի երթ կցանկանանք հայցորդին եւ կուղղորդենք հետագա պաշտպանության գործընթացում, եթե խնդիրներ լինեն, կվերանայենք: Կարծում եմ, որեւէ մեկին չպետք է հետաքրքրի , թե ինչու պետք է այս կամ այն մասնագետը նայի աշխատանքը, եթե ծածկադմփոց անելու խնդիր չկա:
Մանավանդ, եթե ամեն ինչ նորմալ է, ոչինչ չես կարող ասել, քանի որ, եթե սխալ բան ասես՝ կխայտառակես ինքդ քեզ: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, բայց ուզում են անցկացնել այդպիսի աշխատանքը, դա հարիր չի լինի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Այսօր անչափ կարեւորվում է ատենախոսությունների նկատմամբ սկզբունքային լինելը, քանի որ գրագողության բազմաթիվ դեպքեր են բացահայտվում: Այս տեսակետից իմ համաձայնությունը նպատակ ունի օգտակար լինել գործին եւ համալսարանին»,-հավելեց Հովհաննես Թոքմաջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ