«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ «Իմ քայլի» պատգամավորներն իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ են խոսում, ինչի մասին են խոսում, և դա բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ. «Դա հենց Արցախում ընթացող գործընթացների վերաբերյալ է: Անում են հայտարարություններ, թե իրենք ամիսը չորս անգամ Արցախ են գնում, բայց նման մարդ չկա, որ ամիսը չորս անգամ Արցախ գնա: Իրենց թվում է, թե իրենք ամբողջ ինֆորմացիային տիրապետում են և իրենց հետ հանդիպում ունեցողներն ասում են այն, ինչ իրականում կա: Դուք դեռ այն իշխանությունը չեք, որ ապացուցել եք՝ կարող եք գաղտնիք պահել: Հենց Վենետիկի հանձնաժողովի ամբողջ այդ գաղտնի մասը ձեր մասնակցությամբ, որոնք բաց տեղեկատվություն չեն, դուք եք տարածել ու փորձում եք մեղադրել այն ՀԿ-ին, որը տպել է այդ, որի իրավունքը տրված է, և դա բաց տեքստ է»:
Գառնիկ Իսագուլյանը իշխող կուսակցության պատգամավորներին խորհուրդ է տալիս իրենց կոռեկտ պահել հատկապես Արցախի հարցով հայտարարություններում. «Դա վերաբերում է նաև կառավարության անդամներին, որոնք Արցախ գալով երբեմն անում են հայտարարություններ, որ ապշած ես մնում, թե այս մարդն ում է հանդիպել, ինչից է խոսել և ինչու է նման եզրակացության եկել»:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի 119-րդ արձանագրությունում տեղ գտած դիտարկումներին՝ վեթինգի և ՍԴ դատավոր, անդամ բառախաղին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Բոլորը շատ լավ տեսնում են, որ նույնիսկ հեղափոխություն գովերգողներն այսօր շատ հստակ ասում են, որ մեր թավշյա հեղափոխականներն անում են գործողություններ, որը ՀՀ Սահմանադրության մեջ ձևակերպված է որպես իշխանության ուզուրպացիա: ՀՀ-ում իմ բնորոշմամբ՝ վարչապետն իրեն դուրս դրեց սահմանադրությունից և օրենքներից, երբ հայտարարեց, որ դատարանները պետք է շրջափակել: Հետո ԱԺ-ն հաջորդ օրը մասնակցեց այդ շրջափակմանը և կոնկրետ գործողություններով ինքն էլ իրեն դուրս դրեց օրենքից և սահմանադրությունից: Իսկ ՀՀ նախագահն, ասել եմ, ինքն ինձ համար հանգուցյալ է, չկա՝ որպես նախագահ: Մնացել է մեկ լեգիտիմ մարմին՝ դատական իշխանությունը: Վահե Գրիգորյանը, դատավոր ընտրվելով ապօրինի կերպով երեք իշխանությունների համագործակցությամբ՝ վարչապետ, նախագահ, ԱԺ, իրեն հաջորդ օրը հռչակեց ՍԴ նախագահ: Դրանից հետո այս իշխանությունները պիտի հասկանային, որ չի կարող ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ որևէ մի կառույց, որտեղ աշխատում են լուրջ իրավաբաններ, հանկարծ այդ խնդրի հետ կապված ողջունեին իշխանության արածը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ