Aravot.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց, թե ինչու են Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն իրականացրել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:
«Իսկապես խուզարկություն կատարվել է` մեզ մոտ քննվող քրեական գործի շրջանակներում»,- ընդամենն ասաց ՀՔԾ մամուլի պատասխանատուն եւ առայժմ ձեռնպահ մնաց այլ մանրամասներ հայտնելուց:
«Խուզարկությունը կատարվել է օրենքով սահմանված կարգով»,-հավելեց նա ու չմանրամասնեց, թե քրեական գործի մասին է խոսքը, չմանրամասնվեց նաեւ դատավորի կարգավիճակը այդ գործով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հենց ինքը՝ դատավորը։
Կարդացեք նաև
«Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», – մեզ հետ զրույցում ասաց դատավորը։
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով, Գրիգորյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի կարգավիճակ չունեմ»։
Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով արդյոք այս խուզարկությունը և ընդհանրապես, հարուցված քրեական գործը որևէ առնչություն կարո՞ղ է ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով իր որոշման հետ, դատավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ