Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած՝ մի քանի օր է՝ որոնվում էին Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։ Ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպի զբոսայգի քայլելիս։
Քիչ առաջ նրանց հայտնաբերել են։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Մուսայելյան գյուղի վարչական ղեկավար Կարեն Վարդանյանը։
Վերջինս ասաց, որ Մարոն գյուղի նախրապանի կինն է, նրանք Մուսայելյանի մշտական բնակիչներ չեն, այլ ժամանակավոր են հաշվառված․սեզոնային աշխատողներ են, ամուսինը Գյումրու գրանցում ունի, թեև աշխատում է ամենուր, որտեղ հարմար աշխատանք կա։
Նրանք ընդամենը երկու տարվա ամուսիններ են, Մարոն 17-ամյա Սյուզաննայից բացի՝ ունի ևս երկու երեխաներ, որոնք գիշերօթիկ հաստատությունում են։
Կարդացեք նաև
Մարոն բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, ըստ վարչական ղեկավարի, նրա կամ հայրը, կամ մայրը ազգությամբ վրացի է։
«Կիսահայ, կիսավրացի է, Ռուսաստանից դեպորտ են արել, եկել է Հայաստան։ Երևանում «Զատիկ» կենտրոն կա, այս կինն այնտեղ է եղել, նրան տեղափոխել են Զովունի բնակության: Նախրապանն էլ ձմռանը գնում է այնտեղ աշխատելու, հենց այնտեղ էլ ծանոթացել ու սկսել են համատեղ բնակվել»,- ասաց Կարեն Վարդանյանը։
Նրա ասելով, կինն ու աղջիկը ոչ թե կորել էին, ուղղակի վիճաբանել էին ու հեռացել։ «Ամուսիններով վիճաբանել էին, ամուսինը թողել, գնացել էր սար՝ չիմանալով, որ տնից կհեռանան, մի շաբաթ կլինի, ինչ չկային։ 3 օր մենք ման եկանք, փնտրեցինք, որտեղ որ հնարավոր է լինեին, չգտանք, ամուսինը դրանից հետո զանգահարեց 1-02»,- ասաց Կարեն Վարդանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ