Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորի ցնցող հայտարարությունները՝ ԱԺ-ում. «Թող մեկ-մեկ էլ տուրիստները Սեւանի ջուրը խմեն, փորացավ ընկնեն, լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան, մեր հալն իմանան»

Հուլիս 17,2019 16:32

ԱԺ-ում Սեւանա լճի հիմնախնդիրների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց ներկայացնել, թե Սեւանի լողափին լողալը ինչ վտանգ ունի:

Նա պատասխանեց, որ մշտադիտարկում են իրականացնում այն տեղերում, որտեղ մարդիկ լողում են, ռիսկի դեպքում անմիջապես տեղեկացնում են. «Մենք անում ենք հետազոտություններ՝ լաբորատոր պայմաններում, հետո՝ ապարատային թողունակության ցուցիչի որոշում: Այն ցույց է տալիս այդ պահին ջրի նմուշի ընդհանուր տոքսիկության ցուցիչը՝ կենդանի օրգանիզմների համար, ցույց է տալիս, թե ինչքանով է տոքսիկ: Մեր ուսումնասիրություններով՝ այն տեղերում, որտեղ ստացել ենք վտանգավոր ինդեքս, դրա մասին բնականաբար տեղեկացրել ենք: Հաջորդ հետազոտություններում այդ ցուցիչը նվազել է ու դարձել է համարյա չնչին»:

Նունե Բակունցն անդրադարձավ նաեւ Սեւանա լճից ջուր խմելուն, որի մասին խոսել էր ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը. «Սեւանա լճի ջուրն իսկապես շատ ավելի մաքուր է շատ տեղերից, բայց այն խմելու որակի ջուր չի, ուրիշ բան, էր կարող է մեկ-երկու անձ, ովքեր այդտեղ ապրում են, էդ ֆլորային սովոր են, բարձր իմունիտետ ունեն, խմեն, բայց խնդրում եմ, մի ագիտացիա արեք, որ ջուր խմեն, վտանգ չկա: Ոչ պատրաստ մարդ, տուրիստներ կարող են ջուրը խմեն եւ հիվանդանան»:

Նա ասաց, որ որեւէ լողափում լողալու դեպքում վտանգ չկա, կարող են լողալ, ջրի մեջ թունունակություն չկա, այդպես է ցույց տվել վերջին հետազոտությունը, բայց իրավիճակը կարող է փոխվել, որովհետեւ ջրիմուռները կենդանի օրգանիզմ են:

Սեւանից պարբերաբար ջուր խմող Հրանտ Մադաթյանն արձագանքեց Բակունցին՝ ուշագրավ հայտարարություններ անելով. «Ես ագիտացիա նախ չեմ անում ջուր խմելու համար, բայց մենք էլ ենք մարդ, մեր արյունն էլ է կարմիր: Տուրիստների համար մտածում ենք, մեր մասին չենք մտածում: Ասում եք՝ տուրիստները կխմեն, վատ կզգան, փորացավ կընկնեն, ոչինչ, թող մեկ-մեկ էլ իրենք էլ փորացավ ընկնեն, իրենք լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան, մեր հալն իմանան»:

Մադաթյանը վստահեցրեց, որ ճիշտ է, Սեւանի ափին հողատարածք ունի, բայց բիզնես շահ չունի, ժողովրդի համար է մտածում. «Իհարկե, առաջինը Սեւանը փրկելու հարցն է, Սեւանը մեր ազգի պարծանքն է, բայց ասում ենք՝ ուզածը ո՞րն է, ձեր դիտարկումներն անում եք վատ ժամանակին: Ասում եք՝ տոքսիններ կան, չգիտեմ ինչեր կան, քանի՞ հոգի մարդ է մահացել: Եթե չի մահացել, ինչի՞ համար ենք մենք ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը միլիարդները տանում է ուրիշ երկրներ: Խի՞ բնապահպանների հետ էդ աշխատանքները սուսիկ-փուսիկ չեք անում: Ինչի՞ համար առողջապահության նախարարը բարձրաձայնեց, որ Սեւանում էսօր հանգստացող մի մարդ կա: Երեկ էլ արդեն բռնեց` ասեց, թե արդեն կարող եք չոփիկ-չոփիկ անել: Արդեն ուշ է»:

Բակունցը, ներկաները զարմացած էին. «Ինչո՞ւ պետք է սպասենք անպայման զոհ ունենանք, հետո՞ դրա մասին բարձրաձայնենք: Սպասենք մեկը մեռնի, հետո ասենք՝ վաաա՜յ, մի լողացեք, դուք էլ կմեռնե՞ք: Անպայման չի, որ մեռնեն: Տարբեր դրսեւորումներ կարող են լինել՝ մաշկային ցան, ասթմատիկի մոտ պրիստուպ սկսի, ալերգիկ շոկ առաջանա, եթե մեկը զգայուն է: Նման ջուրը լյարդի վրա է ազդում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031