Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի պաշտոնակատարը` իր դոկտորականի մասին. «Ծիծաղելի է արտագրության մասին խոսելը»

Հուլիս 17,2019 16:07

Aravot.am-ին են դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ, որոնք փաստեր են ներկայացրել ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ: Նրանց պնդմամբ, ռեկտորի պաշտոնակատարի աշխատանքում առկա են արտագրությունների, զեղծարարության ու կեղծ հղումների փաստեր, քանի որ աշխատանքի հեղինակն, օրինակ, թարգմանաբար օգտագործելով որոշ սկզբնաղբյուրներ, ատենախոսությունում նշում է սկզբնաղբյուրում բերված հղումները նույնությամբ:

Ըստ դասախոսների, մի ամբողջ ենթագլուխ, Ռուբեն Հայրապետյանի կողմից թարգմանված է Edgar Pieterse-ի Participatory Urban Governance: Practical Approaches, Regional Trends, and UMP Experiences աշխատությունից, նույնությամբ կրկնելով այդ աշխատանքի հղումները:

Ի թիվս այլնի, խոսվում է նաեւ այն մասին, որ ատենախոսության 68 – 70 էջերի 2.2-7 հատվածը ուղիղ թարգմանություն է Study Trip on Participatory Budgeting to the Paris Region, 7-8 December 2006 հոդվածից, որը օգտագործված գրականության ցանկում նշված չէ, կամ 93 էջի 2.3.3-ը ուղիղ թարգմանություն է Г.Ю. Ветров-ի խմբագրությամբ աշխատության 133 էջից, սակայն հղում է տրված` Celucci T., Grove J. 2011. Leveraging Public-Private Partnership Models and the Free Market System to Increase the Speed of-Execution of High-Impact Solutions throughout State and Local Government»,-պնդում են Հայրապետյանի ընդդիմախոսները: Խոսվում է նաեւ այն մասին, որ գիտական աշխատանքի նորույթները, հաշվի առնելով, ըստ իրենց կողմից մատնանշված դիտողությունները, չեն կարող համարվել գիտական նորույթ:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ընդդիմախոսները պնդում են. «Ռուբեն Հայրապետյանի հրապարակած հոդվածները (քանակի և ատենախոսության հիմնական դրույթների ու նորույթների արտացոլման առումով) ատենախոսության հրապարակային պաշտպանությունից առաջ չեն բավարարել ԲՈՀ-ի չափանիշներին, ատենախոսը դիմել է արգելված քայլի՝ իր արդեն հրապարակած հոդվածները հավաքել և մեկտեղել է ռուսերեն լեզվով և այդ ամենը, որպես մենագրություն հրապարակել, ըստ էության, գիտական հրապարակման չափանիշներին չհամապատասխանող գերմանական LAP (Lampert Academik Publishing) հրատարակչությունում (Айрапетян Р. Партисипативное управление в крупных городах ։ Lampert Academic Publishing, «OmniScriptum GmbH & Co.KG», Saarbrucken, Germany, 2014-03-03, 92 стр.)։ Սակայն այդ մենագրությունը չի բավարարում, ինչպես Ռուսաստանի դաշնության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ԲՈՀ – ի չափանիշներին»: Նրանք նաեւ տարակուսանք են հայտնում. «Արդյոք ԲՈՀ-ի փորձագետները (գաղտնի ընդդիմախոսները) հայտնել են դրական կարծիք, իսկ եթե դրանք բացասական են եղել, ապա աշխատանքն ինչու չի բեկանվել (ըստ հավաստի տեղեկությունների՝ ԲՈՀ –ում ստացվել է պաշտոնական գաղտնի ընդդիմախոսների երկու բացասական կարծիք)»:

Aravot.am-ը փաստերի հետ կապված մեկնաբանություն խնդրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից:

«Ընդհանուր առմամբ, տեսնելով մեր գործընկերների վարքագիծը` ինձ համար ակնհայտ է դառնում, թե այդ գործողություններն ինչի համար են արվում եւ ինչ նպատակներով: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք դասախոսների մրցութային ընտրությունից դժգոհ են եւ դատական կարգով են փորձում վիճարկել որոշումները, բացի դրանից փորձում են ամեն տեսակի մեթոդ գտնել, որպեսզի ազդեն գործընթացների վրա ու կարողանան հասնել իրենց նպատակին:

Ծանոթանալով այն դիտարկումներին, որ ներկայացված են, ասեմ, որ դրանք իրականում անհասկանալի եւ անընդունելի են, որովհետեւ 90 տոկոսը վերաբերում է գրականության ամփոփմանը, այսինքն` ոչ թե հետազոտության հիմնական մասին: Գրականության ամփոփումը շատ դեպքերում պետք է ենթադրի նաեւ թարգմանություններ` տալով համապատասխան հղումները: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ թեման նոր է հայաստանյան իրականության համար եւ գրականության ընդհանուր ամփոփումը ներկայացնելիս շատ տեղերում թարգմանված մտքեր են ներկայացվել:

Եթե սկզբնաղբյուրների հետ կապված անգամ որոշակի տեխնիկական խնդիրներ լինեն, դա չեմ բացառում, եւ կարծում եմ, որ դրանք էական ազդեցություն չեն ունենում ատենախոսության ընդհանուր արդյունքի վրա: Բացի դրանից, իմ հիմնական հետազոտության հատվածը վերաբերում է մասնակցային կառավարման առանձնահատկություններին` Հայաստանի Հանրապետությունում, եւ դրա հետ կապված կատարել եմ լայնածավալ հարցումներ, այնպես որ ուղղակի ծիծաղելի է արտագրության մասին խոսելը:

Այդ հարցումների արդյունքները ամփոփվել են SPSS- համակարգչային ծրագրերի միջոցով, որի ապացույցներն ամբողջությամբ առկա են: Բայց սա ատենախոսության պաշտպանություն չի, որ ես եւս մեկ անգամ դա ներկայացնեմ: Դրա արդյունքում եկել ենք որոշակի եզրակացությունների, որոնք ներկայացրել ենք որպես գիտական նորույթ»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Մեր զրուցակիցը հավելեց, որ կրկնությունները վերաբերում են ընդամենը գրականության ամփոփմանը: Ասաց նաեւ, որ համապատասխան կանոնակարգի պահանջներով ընդամենը 20 աշխատանք պետք է ներկայացվեր, մինչդեռ  ինքը 30-ից ավել աշխատանք է ներկայացրել: «Այս պահին իմ աշխատությունների թիվը գերազանցում է 50-ը: Եվ այն պնդումները, որ ես իբր փորձել եմ հավելյալ աշխատություններ ներկայացնել, որպեսզի քանակ ապահովեմ, ուղղակի անհասկանալի են, որովհետեւ նման խնդիր չի եղել»,-ընդգծեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Նրա խոսքերով, եթե փորձեն աշխատանքի մեջ հղումների, էջերի հետ կապված որոշակի տեխնիկական խնդիրներ գտնել, 400 էջանոց չխմբագրված աշխատանքում կարող է պատահել, բայց գրագողության մասին խոսելը անընդունելի է եւ որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը:

«Զավեշտալի է այն հանգամանքը, որ նմանատիպ տեխնիկական թերությունների, այսպես կոչված գրագողության փաստեր մասին խոսում են այն մարդիկ, որոնք անգամ իրենց ատենախոսությունը չեն գրել: Սա ուղղակի ապշեցուցիչ է: Եթե իրենց կողմից գործողությունները շարունակվեն, ապա կոնկրետ զբաղվելու եմ այն մարդկանց վեր հանելով, որոնք իրենք չեն հեղինակել սեփական ատենախոսությունները, բայց փորձում են ստվեր գցել իմ ջանքերի վրա»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Հայրապետյանի լուսանկարը ` Ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ոչ համարժեք պատասխան բարձրացված լուրջ հարցերին, որոնց մասին շատերը գիտեին ու ականատես են եղել: Մեղադրվողը ըստ էության չի պատասխանում բարձրացված հարցերին: Իրականում ծիծաղելին նման մոտեցումն է, որը կրկնում է նախկին իշխանությունների հայտնի ձեռագիրը՝ Մեր դեմ խաղ չկա…

  2. աշխատակից says:

    <> աբրահամյան, դուք դատավոր չեք և պարոն Հայրապետյանն էլ մեղադրյալ չէ:Կարծում եմ կարելի գոնե հարգանք ունենալ բուհի ղեկավարի նկատմամբ և հարգել երիտասարդ դոկտոր, պրոֆեսորին:
    Ձեր դեմ խաղ կա հաստատ և դա ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, շուտով բոլորն էլ կհամոզվեն: Մեր ռեկտորի գործն արդար է և բոլոր աշխատակիցներն էլ նրա կողքին են: Կարծում եմ ամոթ է նման ճղճիմ հարցեր բարձրացնել, սակայն եթե դա կատարվել է ձեր կողմից, վստահ եղեք հակահարվածը սպասել չի տա: Եվ շատ-շատերի համար ցավոտ կլինի…………..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031