Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սևանում ջրիմուռների կուտակման տեղերում լողալ չի կարելի. Բարդուղ Գաբրիելյան

Հուլիս 17,2019 15:34
cuxak

«Ես ասել եմ՝ Սևանում ջրիմուռների կուտակման տեղերում լողալ չի կարելի, դա փաստ է, ինչը ոչ ոք չի կարող հերքել, որ այնտեղ անվնաս է լողալը կամ առավել ևս ջուր խմելը: Բայց ես չեմ ասել, որ ամբողջ լճում չի կարելի լողալ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, թե այնպես չէ, որ ամբողջ թույնը տարածվել է ողջ լճում և այն տեղերում, որտեղ այդ կուտակումները ջրիմուռների չկան, այնտեղ էլ չի կարելի լողալ: Բարդուղ Գաբրիելյանը վստահեցրեց՝ ինքն էլ է լողացել, և ոչ մի բան իր հետ չի կատարվել: Բայց նաև զգուշացրեց. որտեղ կան ջրիմուռների կուտակումներ, այդ հատվածներում լողալը վտանգավոր է:

Ըստ նրա՝ այսօր բոլորն իրենց իրավունք են վերապահում խոսել Սևանի մասին՝ չլինելով մասնագետ, չունենալով հիմքեր, արդյունքներ, որոնցով կարող են հիմնավորել իրենց այդ եզրակացությունները կամ առաջարկները: Ըստ նրա՝ այսպիսի դրությունն անթույլատրելի է:

Բարդուղ Գաբրիելյանն ասաց, որ երեկ է եղել Սևանի ափերին ու մանրամասնեց. «Ծաղկման գործընթացը բավականին քչացել է, բայց դա չի նշանակում, որ վերջն է: Այդ ջրիմուռները սկսել են մահանալ և հիմնականում մահացել են ու նստում են հատակին: Հատակին նստելով՝ նրանք որոշ տեղերում կսկսեն փթեցման գործընթացները, որը կլանում է թթվածին: Այնպես չէ, որ լրիվ վերացել կամ ինչպես որոշ մարդիկ ասում են, ինքնամաքրում է տեղի ունեցել: Ինքնամաքրումն այլ նշանակություն ունի: Այս դեպքում ինքնամաքրումն այդ թթվածնային պրոցեսների, օրգանական նյութի քայքայումն է»:

Բարդուղ Գաբրիելյանն ասաց, որ ջրիմուռների զարգացումը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում. «Մենք միայն կապտականաչավուն ջրիմուռներ չունենք, ունենք նաև այլ տեսակի ջրիմուռներ՝ կանաչ դիատոմային, և դրանք որոշ ամիսներին զարգանում են և առաջացնում ավելորդ օրգանական նյութեր լճում: Ծաղկումը մեծ զարգացումն է: Դա հասարակ զարգացում չէ: Եթե արտառոց զարգացում է տեղի ունենում, դա կոչվում է ջրիմուռների ծաղկում»:

Բարդուղ Գաբրիելյանը պարզաբանեց՝ անընդհատ ուշադրություն ենք դարձնում կապտականաչավուն ջրիմուռներին, քանի որ դրանք ինդիկատորներ են օրգանական նյութի կենսածին տարրերի ավելացման: Նա ասաց, որ աշնանը ևս տեղի է ունենում կապտականաչ ջրիմուռների զարգացում:

Բարդուղ Գաբրիելյանը ցավով փաստեց, որ Սևանա լճում ձկան պաշարների վիճակն անբարենպաստ է: Այս առիթով մանրամասնեց. «Բարենպաստ չէ դրությունը և՛ կողակի, և՛ բեղլուի, և՛ իշխանի համար, որը միտում կար, որ արհեստական աճեցման և բացթողման արդյունքում պետք է ավելանար: Իշխանի վերաբերյալ բազմիցս ասել եմ՝ քանի բազմացում չկա գետերում, իսկ հիմա գետերում ահավոր վիճակ է, խոսել գետերում բնական բազմացման մասին սխալ ու անընդունելի է: Կողակի և բեղլուի պաշարները գրեթե վերացել են լճում: Նախարարությունն առաջարկում է ծրագիր դրանց վերականգնման ուղղությամբ, սակայն այդտեղ որոշ հարցեր կան մայրական կազմ հայթայթելու հետ կապված: Դժվար է Սևանա լճի կողակին հիմա ուղղակի մայրական կազմ ձեռք բերել և կազմակերպել արհեստական վերարտադրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031