«Էդ որ մենք հեղափոխություն ենք արել, ասում ենք՝ հարաբերություններն արդար են, հին բաները չեն լինելու, համակարգային կոռուպցիան վերացել է: Բա էս քաղաքական պրոցեսից հետո չե՞նք կարողանում չկեղտոտենք Սեւանը: Էդ հեղափոխությունը չի՞ նշանակում, որ Սեւանը չպիտի կեղտոտենք: Ես ուզում եմ տեսնել՝ այս վերջին 1.5 տարվա ընթացքում՝ հեղափոխությունից հետո ո՞վ ինչ պիտի աներ ու չի արել: Իմ կոշտ հարցադրումը, որ երկու նախարարները այստեղ չեն, պետք է այստեղ լինեին, սա քաղաքական քննարկում է, ունենք հարցեր, որովհետեւ քաղաքական պատասխանատվություն կրողը նախարարն է»,- այսօր ԱԺ-ում Սեւանա լճի հիմնախնդիրների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Քննարկումը կազմակերպվել էր ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ: ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը (լուսանկարում) հայտարարեց. «Սեւան ազգային պարկն անգործության է մատնված: Եթե «Սեւանի ազգային պարկը մեր հետ համատեղ աշխատեր, 10-ի փոխարեն 100 տեղադրված կայան կունենայինք»:
Կարդացեք նաև
Մելքումյանն էլ արձագանքեց, որ հարց կուղղեն կառավարությանը. «Եթե պետք է, «Սեւան ազգային պարկի» պատասխանատվության չափը ճշտենք ու պատասխանատվության ենթարկեն»:
SOS Սեւան նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանն էլ, լսելով Ջավադյանին, բորբոքվեց. «Մեր բարձրացրած բոլոր խնդիրները անտեսվել են ձեր հանձնաժողովի կողմից: Պետք է ցրել այդ հանձնաժողովը, հավաքել նոր հանձնաժողով, որովհետեւ էս հանձնաժողովը տարիներ շարունակ անգործության է մատնված եղել եւ արել է ամեն ինչ, որ Սեւանը այսօր հասնի այս վիճակին: Պարո՛ն Ջավադյան, խոսքս ուղղված է ոչ միայն ձեզ, հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնք տարիներ շարունակ ձայն չեն հանել, ասել են, որ ամեն ինչ լավ է, կառավարության բոլոր որոշումները ճիշտ են: Բոլոր հորդորները, որ SOS Սեւանը բարձրացրել է, դուք անտեսել եք, հիմա ասում եք, որ «վիդիտե լի», ազգային պարկն է մեղավորը: Այդպես չի, ամենամեծ մեղքը ձերն է ու ձեր հանձնաժողովինը»:
Ջավադյանը չընդունեց քննադատությունը՝ ասելով, որ իրենց հանձնաժողովի անդամները գիտնականներ են հիմնականում, գիտակ են ու մեծ աշխատանք են տանում. «Մենք արձանագրությունները երեք օրվա ընթացքում ուղարկում ենք կառավարություն»: Ադամյանը տեղից բղավեց՝ տարիներ շարունակ գործ չեք արել՝ Ջավադյանն արձագանքեց՝ «Տարիներ շարունակ մենք ձեզ չենք տեսել»: Բնապահպաններն էլ հակադարձեցին՝ «Մեզ չէիք տեսել, Սեւանը տեսնեիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ