«Նվազագույն ամսական աշխատավարձի չափը չի բարձրացել արդեն երեք տարի եւ շարունակում է ցածր մնալ ինչպես կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից, այնպես էլ միջին աշխատավարձի 50 տոկոսից»,-այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։ Գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային իրավունքների պաշտպանության, բացահայտված խնդիրների, մտահոգիչ դրսեւորումների և հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկում։
Պարոն Ավետիսյանի խոսքով, նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի անհամապատասխանությունը հակասում է տնտեսության սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին։ Ըստ նրա, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 131 կոնվենցիայի համաձայն` նվազագույն աշխատավարձը պետք է ձևավորվի հավասարապես՝ հաշվի առնելով սոցիալական և տնտեսական գործոնները։
Մանրամասները` տեսանյութում
Թադեւոս Ավետիսյանի դիտարկմամբ,մեր երկրում խախտվում են նաեւ աշխատանքից ազատման պահանջները: Ըստ նրա, ծանուցման ժամկետներն ու արձակման նպաստի չափերը բավարար չեն Վերանայված եվրոպական խարտիայի 4.4 հոդվածի պահանջների կատարման տեսանկյունից:
Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ աշխատավարձի պահումներից հետո վճարվող աշխատավարձի չափը կարող է պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, որը աշխատողին հնարավորություն չի տա ապահովել իր եւ իր խնամքի տակ գտնվողների նվազագույն կարիքները: Աշխատավարձից պահումներից հետո՝ դրա չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի չափից:
Անդրադառնալով աշխատանքային ռեժիմին, պարոն Ավետիսյանն ասաց, որ Հայաստանում աշխատանքային ժամերը չեն համապատասխանում խարտիայի 2.1 հոդվածին այն հիմքով, որ առանձին կատեգորիայի աշխատողների ամենօրյա աշխատաժամանակը կարող է կազմել օրական 24 ժամ եւ շաբաթական 48 ժամ:
Մեր երկրում նաեւ տարիքի հիմքով խտրականություն է առկա: Ըստ պարոն Ավետիսյանի, խտրականությունը հիմնականում կրթության ոլորտում է:
Քննարկմանը ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը թվարկեց այն փոփոխությունները, որոնք արդեն հաշվի են առել՝ նշելով, որ խտրականության առնչությամբ արդեն իսկ լուծումները տրված են եւ Ազգային ժողովում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ