Ազատությունից զրկված անձանց ուղեկցող տրանսպորտային միջոցներին պայմանների հետ կապված բավական շատ խնդիրներ կան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այդ մեքենաները պատկանում են ոստիկանությանը: 10 տրանսպորտային միջոցից որեւէ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին` սկսած մակերեսից: Ըստ միջազգային չափանիշների, այդ մեքենաների մակերեսը պետք է լինի գոնե 0,8 մետր քառակուսի: Մեր ունեցած մեքենաներում այդ ստանդարտը 0,3-0,4 մետր քառակուսի է: Այդ մեքենաները խնդիր ունեն նաեւ օդափոխության հետ կապված: Արման Թաթոյանն ասաց, որ ոստիկանության հետ քննարկումներ եղել են, խոստում կա` անհրաժեշտ չափանիշներին համապատասխանեցնել ազատազրկվածներին տեղափոխող մեքենաները:
ՔԿՀ-ներում սանհանգույցների անմխիթար վիճակի մասին էլ Արման Թաթոյանն ասաց, որ նման խնդիր այժմ ունենք միայն դատարանների շենքերի խցերում: Միջազգային չափանիշներով սանհանգույցը խցում պետք է փակ լինի: ՔԿՀ-ներում դրան հասել ենք, բայց դատարանների շենքերում դեռ կա այդ խնդիրը: Ըստ նրա, սանհանգույցներում ջրի առկայությունը ևս խնդիր է:
Ընդհանրապես, ՔԿՀ-ներում, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներն, ըստ ՄԻՊ-ի, շատ են եւ համակարգային: «Համար մեկ խնդիրը բժշկական ծառայություններին վերաբերող հարցն է: Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ ունենք բժշկական անձնակազմի ինստիտուցիոնալ անկախության հետ կապված: Այսօր ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձինք չեն վստահում բժիշկներին, եւ դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգն այնպես է կազմակերպված եղել, որ բժիշկը ընդամենը դիտվել է որպես ՔԿՀ ծառայող կամ ուսադիրներով անձ. ազատությունից զրկված անձը նրան չի դիտարկում որպես բժիշկ, իսկ բժիշկն էլ ազատությունից զրկված անձին՝ որպես պացիենտ»,- ասաց նա: ՄԻՊ-ի արձանագրմամբ, ՔԿՀ-ներում լուրջ խնդիր է կոնկրետ մասնագիտություններով բժիշկների առկայությունը. «Մենք ունենք ՔԿՀ, որտեղ առհասարակ բժիշկ չկա, դրանից բացի, բժիշկների վերապատրաստման պատշաճ համակարգ չի գործում: Սոցիալական ցածր երաշխիքների, աշխատավարձի պատճառով հնարավոր չի լինում համակարգ ներգրավել որակյալ մասնագետների»: ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել ՔԿՀ-ների ծառայողների եւ բժիշկների փոխհարաբերություններում ևս:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
ՄԻՊ-ն անդրադարձավ նաև ՔԿՀ-ների գերբնակեցման հարցին. «Գերբնակեցման հարցը որոշ չափով լուծվել է, սակայն դա եղել է ՔԿՀ-ների արհեստական բեռնաթափման հաշվին, որը նույնպես ճիշտ չէ: Ամեն դեպքում անցյալ տարի էլ, այս տարի էլ մենք արձանագրել ենք գերբնակեցման որոշակի դեպքեր, մասնավորաբար, Վարդաշեն ՔԿՀ-ում: Մենք ունենք պատշաճ սննդի եւ վերասոցիալականացման հետ կապված խնդիրներ: Պետք է միջոցներ ձեռնարկենք, արագ կայացնենք պրոբացիոն համակարգը: Ցավոք սրտի, այդ համակարգը ստեղծվել է, բայց դրա կայացման և զարգացման համար պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել»,-ասաց նա:
ՔԿՀ-ների արհեստական բեռնաթափում, ըստ Արման Թաթոյանի, եղել է համաներման արդյունքում, ինչը համակարգային լուծում չէ, այլ քաղաքական փոփոխության արդյունքում եղած քայլ: Բայց եթե պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը գործեր, բանախոսի կարծիքով, նման խնդիր առհասարակ չի լինի:
Արման Թաթոյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում մահվան դեպքերին: Ասաց, որ ՔԿՀ-ներում մահվան կամ ինքնասպանությունների կանխման ռազմավարական ծրագիր մեր երկրում չկա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ