ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը՝ հայտարարելով, որ Անկարան այլևս չի կարող ակնկալել ամերիկյան F-35 ինքնաթիռներ:
ԱՄՆ նախագահը Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանագիրն անվանել է «անարդարացի»: Նա հիշեցրել է, որ Անկարան պատվիրել էր 100 F-35 ինքնաթիռ: Ընդ որում, Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան այդ գործարքի պատճառով «այլևս չի կարող գնել» դրանք:
«Նրանք շատ կոշտ իրավիճակում են: Եվ մենք ԱՄՆ-ում նույնպես հայտնվել ենք կոշտ իրավիճակում: Բայց ընդհանրապես մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստվում էր գնել ամերիկյան Patriot համակարգերը, սակայն Բարաք Օբամայի աշխատակազմը հրաժարվեց վաճառել Թուրքիային այդ համալիրները:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Պետքարտուղարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը՝ կապված C-400-ների գործարքի հետ:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև չորս դիվիզիոն С-400-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2017թ., գործարքի արժեքը կազմել էր 2.5 միլիարդ դոլար: Գործարքի մի մասը Թուրքիան ինքը պետք է վճարի, մյուս մասը կծածկվի ռուսական վարկով:
Ուրբաթ Ռուսաստանը սկսել է С-400-ների մատակարարումը: Ընդհանուր առմամբ չորս օրում Մյուրթեդի ավիաբազա է իջել 13 օդանավ՝ С-400-ի բաղադրիչներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ