Այսօր ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել Սեւանա լճի խնդրի թեմայով:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ շրջակա միջավայրի եւ առողջապահության նախարարները չեն եկել քննարկմանը. «Հատկապես, որ իշխանության տարբեր ճյուղեր Սեւանի հետ կապված իրարամերժ հայտարարություններ են հնչեցնում: Փորձ է արվում Սեւանի հարցը շահարկել տարբեր «շահառուների» շահերը կամ պաշտպանելով, կամ չպաշտպանելով: Հասկանալի է, որ Սեւանը ազգային անվտանգության խնդիր է: Բոլորս ընդունում ենք, որ Սեւանն այսօր հիվանդ է, ու դա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետեւանք է: Որպես պատգամավոր՝ իրազեկ եմ եղել, թե ինչպես են տարիներ շարունակ դրամաշնորհներ ստացել Սեւանը, ափամերձ հատվածը մաքրելու համար: Տեսնելով այսօրվա վիճակը, ունեմ ողջամիտ կասկածներ, որ այդ գումարները անխղճորեն փոշիացվել են»:
Բնապահպանների մի մասը գտնում է, որ Սեւանում եղած ջրիմուռները տոքսիկ են, վտանգավոր, խնդիրն այնքան է խորացել, որ Արարատյան դաշտավայրի ոռոգվող տարածքներն արդեն վտանգի տակ են, մի մասը գտնում է, որ ոչ մի վտանգ չկա ու այդ ամենը չափազանցված է: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկմամբ կփորձեն հասկանալ, թե որն է ճիշտը. «Ես ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն, սա ես համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի հանդեպ: Ես հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչու երկու նախարարները, որոնք շահագրգիռ կերպով հարցազրույցներ են տալիս Սեւանի հետ կապված, այսօր ԱԺ-ում չեն՝ պատասխանելու հարցերին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Տիկին Նաիրա մինչև նախարարների գալը կազմակերպեիք քննարկում ոլորտի մասնագետների հետ հասկանայիք Սևանի ցավն ու դարդը և ԱԺ-ից հանձնարարականներ ներկայացնեիք կառավարությանը; այն տպավորությունը ստացա որ մամռակալած ջրերում ձուկ էք ուզում բռնել:Ինչքան հիշում եմ Սևանի հարցը վերջին տարիներին միշտ ել եղել է, բայց Ձեր մտահոգությունները չենք տեսել: Նախարարների մասին ՝ նրանք արդեն թերացել են իրենց գործում. համապատասխան միջոցառումներ չիրագործելով: Սևանին անհրաժեշտ է գիտական համալիր լուծում: